Մուսա լեռան հերոսամարտի և ավանդական հարիսայի ստեղծման պատմության ականատես Սիլվարդ Ատաջյանը ապրիլին կայանալիք 103-րդ տարեդարձին սպասում է առանձնակի ոգևորությամբ: Հայոց ցեղասպանության ականատեսը, չնայած պատկառելի տարիքին, բարդ վիրահատոթյուն է տարել:

 

 

Ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք ունեցող կնոջ վիրահատությունը բարեհաջող է անցել: Առաջին հայացքից անհավանական է, բայց փաստ, որ անգամ այս պատկառելի տարիքում իրեն հաջողվել է դիմակայել առողջական լուրջ խնդրին և մասնագետների ջանքերով ոտքի կանգնել: Հիվանդասենյակում Սիլվարդ Ատաջյանը այցելուների պակաս չի զգում: Շրջապաված ընտանիքի անդամների սիրով ու հոգատարությամբ նա սպասում է շուտափույթ ապաքինմանը և տուն վերադարձին:

 

 

«Տատիկն իսկապես դիմացկուն է, պինդ: Հինգ տարի առաջ ձախ ոտքի վնասվածք էր ստացել, տեղադրվել էր մետղական կոնստրուկցիա, սակայն մարմնի ողջ ծանրությունն ընկել էր աջ ոտքի վրա, որը փաստորեն չէր դիմացել և տարիներ անց կոտրվել էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ականատեսի թոռը՝ Արշավիր Աղաջանյանը:

 

 

Տարեց կինը հետվիրահատական բարդություններ չունի: Նա ցանկանում է օր առաջ տուն վերադառնալ: Անհամբեր սպասում է, թե երբ է հերթկան անգամ հայացք նետելու սեփաան տան բակին, ուր հատկապես տարվա տաք ամիսներին աճում են իր ձեռքերով տնկած և խնամվող ծառերն ու ծաղիկները:

 

 

Ականատես-վերապրողի վիրահատությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կատարվել է պետական պատվերի շրջանակում:

Սիլվարդ Ատաջյանը «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագծի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող հատուկ նախագծի հերոսուհին է , որի մասին ակնարկը հրապարակվել էր դեռևս 2013 թվականի մայիսին:

 

 

«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս եւ հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ եւ բարձրանալ լեռը»,- անգամ հիվանդանոցում պատասխանելով հետաքրքրվողների «ծնունդով որտեղից եք» հարցին' մեջբերում է նախանձելի հիշողություն ունեցող Սիլվարդը' երբեմն երբեմն վերհուշն ընդհատելով արցունքներով:

 

 

Երևանաբնակ ականատեսը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից է: Նրա ընտանիքը Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայության թվում էր, որը 1915 թվականին մասնակցել էր թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին:

 

Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել են իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել են դիմադրություն ցույց տալ' բարձրանալով Մուսա լեռ, որտեղ եւ կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր' 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները: