Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի խոշոր վթարի հիմնական պատճառ են դիտարկում վարորդի անուշադրության վարկածը։

 

«Ավտոբուսի վթարի հիմնական վարկածը վարորդի անուշադրությունն է։ Ավտոբուսն ընթացել է 117 կմ/ժ արագությամբ, մինչդեռ ճանապարհի այդ հատվածում արագությունը սահմանափակված է մինչև 70 կմ/ժ: Տրանսպորտային միջոցը վերանորոգման է ենթարկվել երթուղի դուրս գալուց մի քանի ժամ առաջ, բայց փորձաքննություն, ամեն դեպքում, նշանակվել է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով tulainfo71.ru-ին, այս մասին հայտնել է Տուլայի մարզի դատախազ Ալեքսանդր Կոզլովը:

 

Նա նկատել է, որ քրեական գործը իր վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը: «Մեր գերատեսչության աշխատակիցները լավ աշխատեցին: Ներկայումս մենք վերլուծում ենք գերատեսչությունների միջև համագործակցության արդյունքները, որպեսզի հաջորդ անգամ նման դեպքերում բոլորն ավելի լավ աշխատեն»,- շեշտել է Կոզլովը:

 

Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 9 քաղաքացի, տուժել է ևս 43-ը: Զոհերի աճյուններն արդեն տեղափոխվել են Հայաստան:

 

ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

 

2015թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Նույն օրը քրեական գործով կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչները:

 

Կատարվել և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Մասնավորապես, «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ, վարորդների և մյուս աշխատակիցն երի անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, հարցաքննվել են հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման և սպասարկման համար պատասխանատու անձինք: Գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով պատկան մարմիններին կատարվել են հարցումներ և պահա նջվել համապատասխան փաստաթղթեր: Հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ: