Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարը, որի հետևանքով զոհվել է Հայաստանի ութ քաղաքացի, տեղի է ունեցել ղեկին քնած վարորդի պատճառով: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

«Վթարի ռիսկերի պատճառներից մեկը ուղևորա և բեռնափոխադրումների ոլորտում վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումն է։ Անգամ եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը, ապա Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել է ղեկին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության հանձնաժողովի լսումներում:

 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի գիշերը Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 48-ը, որոնցից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: