ՀՀ կառավարությունն առաջարկում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստն առաջարկվում է հրավիրել դեկտեմբերի 15-ին:

 

Ի թիվս այլ հարցերի, որոնք առնչվում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու կառավարության կողմից հրատապ են համարվում՝Հարությունյանն առաջարկել է քննարկել նաև գազի հանձնաժողովի հարցը:


Վերջին հանգամանքն Աբրահամյանին բարկացրել է ու, անկեղծ ասած՝ հասկանալի է, թե ինչու:

 

Նախ, ֆորմալ առումով՝ իսկապես նման հանձնաժողովի ձևավորման պահանջ դրել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, ու հիմա ստացվում է, որ կառավարությունն առաջնորդվում է հենց նրանց պահանջով:

 

Երկրորդ, գազի թեման ամենազգայուններից մեկն է հայ-ռուսական հարաբերություններում՝ նաև կոռուպցիոն դրսևորումներով ու զանազան ստվերային երևույթներով հարուստ, ըստ այդմ՝ Հովիկ Աբրահամյանը չի ուզում լինել այն պաշտոնյան, պետական այն օղակի ղեկավարը, ով կնախաձեռնի այս հարցի քննարկումը: Ռուսները կարող են սա սխալ հասկանալ ու չներել գործող վարչապետին,մանավանդ որ Արգամիչն արտաքին քաղաքական միջավայրում իրեն այնքան էլ ինքնավստահ չի զգում ու, ասենք, վերջին ամերիկյան այցի համար էլ, մեծ իմաստով, պարտական է Տիգրան Սարգսյանին, ով շարունակում է մնալ Աբրահամյանի մրցակիցը ներիշխանական բարդ հարաբերություններում:

 

Եվ վերջապես, հնարավոր գազային քննարկումները խորհրդարանում բերելու են կառավարությանառանց այն էլ ցածր վարկանիշի անկմանը, որովհետև ոլորտի նախարարը, մյուս պատասխանատուներն ստիպված են լինելու խոստովանել, որ դոլարի թանկացմամբ պայմանավորված՝ անխուսափելիորեն բարձրանալու է նաև գազի սակագինը:


Պատահական չէ, որ Աբրահամյանի սրատես աչքը Դավիթ Հարությունյանի ասածի մեջ դավադրություն է տեսել, որի սլաքն ուղղված է հենց իր դեմ:



Սուրեն Սուրենյանց