«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.


 

 

 

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը Տուլայի մոտ շրջվել է. կա 7 զոհ, 36 վիրավոր



Տուլայի մարզի М4 «Դոն» ավտոմայրուղու վրա ավտոբուսը շրջվել է ճամփեզրի առվի մեջ։ Ուղևորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության տվյալներին։



Վերջին տվյալներով՝ ճամփեզրյա առուն շրջված Higer ավտոբուսի զոհ է դարձել 7 մարդ, շուրջ 30 մարդ տուժել է։ Ընդհանուր առմամբ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Վարորդը չի տուժել։

 

 

Օպերատիվ խումբը դիտարկում է երկու հիմնական վարկած. կա՛մ վարորդը քնել է ղեկին, կա՛մ վթարի պատճառ է դարձել տեխնիկական խոտանը։

 

 

Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են։

 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, 36 հոսպիտալացվածներից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

***

 

«Էրդողանի ձեռքերը բացվում են»

 

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները, մեծ հաշվով, ոչինչ չեն փոխել: Այս ընտրություններից հետո Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հնարավորությունները մեծանում են՝ «ձեռքերը բացվում են և պետք է սպասել, էլ ավելի ավտորիտարիզմի գնացող Թուրքիայի»: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Արդեն իսկ բացակայում են Էրդողանի և նրա կուսակցության դեմ գոյություն ունեցող հակակշիռները: Մինչև 2019 թվականը չկան ընտրություններ, և դա խոսում է Էրդողանի չափազանց ինքնավստահության մասին»,- ասաց մեր զրուցակիցը:

Նկատում է՝ արտաքին քաղաքականության մասով բավականին լուրջ խնդիրներ կան կուտակված: Հայաստանի հետ հարաբերությունների մասով էական փոփոխություններ չեն ակնկալվում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ներքաղաքական օրակարգը ծանրաբեռնված է այլ խնդիրներով, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամով:

 

 

ԱԶԿ կուսակցության հաղթանակը թուրքագետը պայմանավորում է բազմաթիվ գործոններով: Վերջինիս համոզմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել ընտրակեղծիքներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, իշխանության տոտալ վերահսկմամբ:

 

 

ԱԶԿ-ի ձայները հիմնականում խլված են «Ազգայնական շարժում» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից»,- ասաց թուրքագետը՝ բացատրելով, որ Թուրքիայի իշխող կուսակցության հաղթանակը պայմանավորված է նաև նրանով, որ Էրդողանին հաջողվեց համոզել հասարակությանը քվեարկել «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին՝ որպես երկրում կայունության:

 

 

***



ՌԴ-ում վթարված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է



Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է:

 

 

Նշենք, որ ոստիկանության բաժին է տարվել նաև հերթապահ վարորդ՝ Բագրատ Հովակիմյանը, ով սակայն, ազատ է արձակվել:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


 

***

 

Անցած գիշեր ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ է նկատվել. ԼՂՀ ՊՆ

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ է նկատվել նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը:

 

 

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 արկ) և ՌՊԳ-7 տիպինռնականետից (6 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

 

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 ***

 

 

Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը. Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել և հանձնարարականներ տվել


 

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

 

Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

 

 

Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ Հանրապետության Նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

 

 

Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: