«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Երկրաշարժ' Հայաստանում
ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին), գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.310 և արևելյան երկայնության 45.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
***
ՄԱԿ-ը Դոնբասում հակամարտության զոհերի նոր վիճակագրություն Է հրապարակել
Ավելի քան 6,1 հազար մարդ է զոհվել եւ գրեթե 15,5 հազարը՝ վերքեր ստացել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորացված այս տվյալները տեղ են գտել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 13-ին:
«2014 թվականի ապրիլի կեսին հակամարտության սկզբից մինչեւ 2015 թվականի ապրիլի 9-ը փաստագրված է 6 հազար 108 մարդու զոհվելը եւ 15 հազար 450-ի վիրավորվելը: Մարտական գործողությունների վերջին էսկալացման (հունվարի կեսից մինչեւ փետրվարի կեսը) զոհերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռեւս ի ստացվել»,- ասված է փաստաթղթում: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ վարչությունը հաղորդել էր 6 հազար 90 սպանվածների եւ 15 հազար 429 վիրավորների մասին:
Հումանիտար վարչությունում ընդգծում են, որ զոհերի վերաբերյալ հաշվետվություններում ներկայացվող տվյալները «զուսպ են»: Վիճակագրությունը վարում են այն տեղեկատվության հիման վրա, որը տրամադրում են Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բուժհաստատությունները:
«Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների նկատմամբ հսկողության առաքելությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն կարծիքին են, որ զոհվածների իրական թիվն զգալիորեն ավելի մեծ է»,- նշում են վարչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
***
Հետևե´ք Պաշտպանության նախարարի օրինակին
Հոգևոր արժեքների խաթարման, առուփախի ու առուծախի մեր ժամանակներում թերևս եզակի են այն պաշտոնյաները, ովքեր շարունակում են իրենց վարքով օրինակ ծառայել հասարակությանը, ովքեր ժամանակ են գտնում իրենց աշխարհիկ հոգսերից զատ առաջ մղելու հոգևորն ու ոգեղենը:
Եվ այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ դա մարդու և նրա տեսակի, նկարագրի անբաժանելի մասը լինի, ոչ թե պարտադրված, լայն զանգվածներին ու հավատացյալ ժողովրդին դուր գալու մարմաջ:
Անձամբ ինձ անչափ դուր է գալիս ոչ միայն ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընդգծված հայրենասիրությունը, այլև նրա մարդկային ու հոգևոր կերպարնընդհանրապես: Իսկապես հրաշալի է, որ այս ծանր պայմաններում իր ուսերին կրելով պետության պաշտպանության ծանր բեռը՝ Օհանյանը բոլոր հնարավոր առիթներով եկեղեցու կողքին է, հավատավոր ժողովրդի շարքերում:
Մենք սովորել ենք մեր բարձրաստիճան պաշտոնյաներին տեսնել անհասանելի, թիկնազորով շրջապատված, մինչդեռ օրեր առաջ այն, ինչ տեսա Արարատյան հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցում՝ կրկնապատկեց հարգանքս Սեյրան Օհանյանի նկատմամբ:
***
Հռոմի պապի բառերը քանդեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ լռության պատը. իտալա-արաբական կենտրոն
Իտալա-արաբական «Ասադակահ» կենտրոնն իր գոհունակությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ երիտթուրքական կառավարության կազմակերպած 1.5 մլն հայերի կոտորածն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Ասադակահ» կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հովհաննես Պողոս II-ի գահակալությունից ի վեր առաջին անգամ այս բառերը քանդեցին անտարբերության ու լռության պատը, որին երկար տարիներ բախվել է այս ողբերգությունը:
Ավելի վաղ, կենտրոնը գրավոր նամակներ էր հղել ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին և Իտալիայի կառավարությանը' խնդրելով 2015 թվականը ճանաչել հիշատակի տարի, ինչպես նաև ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր' ոգեկոչելու կանխամտածված ոճրագործությունների ժամանակ կոտորված մեկուկես միլիոն հայերի հիշատակը: Սակայն այդ խնդրանքն անպատասխան է մնացել:
«Զարմանալի չէ Թուրքիայի զայրացած արձագանքը և Վատիկանում իր դեսպանի հետկանչը: Անկարայի դիրքորոշումը, որը սպանություններից մոտ հարյուր տարի անց դեռ հրաժարվում է ընդունել հանցագործությունը' ժխտելով, որ այն ցեղասպանություն է, ստիպում է Եվրոպային կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, քանզի նրա քաղաքականությունն անհամետեղելի է եվրոպական առանցքային արժեքներին»,- ասվում է «Ասադակահ» կենտրոնի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը մեղավոր է նաև մարդու իրավուքների և քաղաքացիական ազատությունների դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների, Սիրիան և Իրաքը արյան մեջ թաթախած ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:
Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումներին վերջ տալու նպատակով իտալա-արաբական կենտրոնը հրապարակել է իտալացի երեք լրագրող Ալեսանդրո Արամուի, Ջիան Միկալեսինի և Աննա Մազոնիի «Հայոց ցեղասպանությունը. լռության 100 տարի. վերջին վերապրածների արտասովոր պատմությունը» խորագրով գիրքը: Գրքում ներակայացված են ցեղասպանության տարիներին բռնության, հալածանքների և աքսորի ենթարկված հայերի բացառիկ վկայությունները: Կենտրոնը մտադիր է գրքի մեկ օրինակ նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին' ի երախտագիտություն այն ամենի, որ նա անում է Ցեղասպանության հիշատակի պահպանման համար:
***
Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երևանում. շանսոնյեն հարցազրույց է տվել Europe 1-ին
Աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել Europe 1 ռադիոցանցին' խոսելով մայիսի 4-ին կայանալիք ալբոմի շնորհանդեսի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրին հարցրել է, թե արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը ինչ-որ բան կփոխի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Կարող է փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում' երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իրականությունն իմանալ, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»,- ասել է Ազնավուրը:
Շանսոնյեն նաև նշել է, որ իր նպատակը թուրքերին հալածելը չէ, այլ որ նրանք էլ Հայկական հարցին վերաբերվեն այնպես, ինչպես ինքն է վերաբերվում:
Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երևանում: Իսկ սեպտեմբերի 15-27-ը Փարիզի Սպորտի պալատում 6 համերգ է տալու: Երգիչն այս տարվա մայիսի 22-ին նշելու է իր 91-րդ տարեդարձը:
***
Քաղտեխնոլոգները' Հռոմի պապի պատարագի, Քիմ Քարդաշյանի ու Հայաստանի բրենդի մասին
Վերջին շաբաթվա իրադարձությունները քաղտեխնոլոգները Հայաստանի հաջողված PR-ի լավագույն փորձ են համարում: Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելի դարձնելու միջոցառումների մասին, նշեց, որ այն, ինչ արվում է արտաքին լսարանի համար, ավելի հաջողված է, քան ներքին լսարանին ուղղվածը: «Առաջին հերթին' Հռոմի պապի պատարագն է, որն ո ւնի ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական նշանակություն: Կարծում եմ' հետագայում դրա արձագանքներն ավելի բարձր կլսենք:
Հայաստանի որպես բրենդի ճանաչման և Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու առումով Քիմ Քարդաշյանի և ամուսնու այցը հաջողված PR ակցիա էր: Ներսի թիրախային խմբի առումով չեմ կարծում, որ կրեատիվ մոտեցումներ են եղել, և ինչ-որ լուրջ արդյունքներ ունենք այդ առումով: Ամեն ինչ ավելի ֆորմալ բնույթ է կրում: Կարծում եմ, որ ցանկացած ակցիա, որ իրականացվում է, պետք է հետաքրքիր լինի մարդկանց համար, այդ թվում' երեխաների: Այդ իմաստով' հաջողված եմ համարում այն, որ դպրոցականներն Անմոռուկներ են պատրաստում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով' կարևոր է, որ Հայաստանը կարողացավ օգտագործել քարոզչական զենքը և իր մասին հիշեցնել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ էլ' վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ երևի թե վերջին 25 տարում ու, եթե ոչ ավելի, չէր եղել: «Այն, ինչ արվեց պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով, մեծ արձագանք կունենա հետագայում: Շատ լուրջ երևույթ է, երբ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 3 միլիոնին մոտ բնակչություն ունեցող պետության մասին ամբողջ աշխարհը սկսեց խոսել»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգները, սակայն, շեշտեցին, որ պետք են համակարգված գործողություններ, որպեսզի սկսած գործն ապարդյուն չանցնի ու տա ճանաչելիության արդյունքները: «Եթե մենք հարյուրամյակից հետո մոռացանք ու չարեցինք Հայաստան բրենդի ճանաչմանն ուղղված գործ, բնականաբար, դա կմոռացվի ժամանակի ընթացքում»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Իսկ հարցին ի պատասխան, թե ինչ շոշափելի արդյունքներ կգրանցի Հայաստանը վերջին շրջանի իրադարձություններից հետո, Կարեն Քոչարյանը նշեց. «Ասել, որ Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների պառլամենտները, Կոնգրեսը, Սենատը վաղը չէ մյուս օրը կընդունեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ 77 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, տրամաբանական չէ: Պարզ է, որ չի լինելու այդպիսի բան: Բայց եկեք չմոռանանք, որ 77 միլիոնի մեծ մասը ենթադրվում է, որ դեռահասներ են կամ երիտասարդ, հետո իրենք այդ երկրներում դառնալու են հարց լուծող: Նրանք այսօր իմացան, որ կա Հայոց ցեղասպանություն»:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկներիպատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդդարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:
Ապրիլի 8-12-ը Հայաստանում էր ամերիկյան աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ: Մինչ Հայաստան ժամանումը, միջազգային պարբերականներից մեկն այն անվանել էր ուխտագնացություն դեպի պատմական հայրենիք: Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքի անդամներին օդանավակայանում դիմավորեցին ավանդական աղուհացով, հաջորդ օրը նրանք հյուրընկալվեցին ՀՀ կառավարությունում, եղան Մայր Հայաստան հուշահամալիրում, Գեղարդի վանքում, Ծիծեռանակաբերում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այցելեցին Գյումրի, հյուրընկալվեցին իրենց բարեկամներին, եղան երևանյան հուշանվերների խանութում: Իսկ այցն ամփոփվեց Քիմի ամուսնու' աշխարհահռչակ ռեփ-երգիչ Քայնե Ուեսթի Կարապի լճի տարածքում անակնկալ համերգով: Քարդաշյանների այցը Հայաստան լուսաբանեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, ինչը փորձագետների բնորոշմամբ, Հայաստանի համար ապահովեց միլինավոր դոլարների գովազդ: