Ամերիկյան National Public Radio-ն անդրադարձել է System of a Down ռոք խմբի «Wake Up The Souls» շրջագայությանն ու ապրիլի 23-ին Երևանում կայանալիք համերգին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NPR-ի հաղորդավար Արուն Ռաթի հետ զրույցում խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է իր արմատների, հայ ժողովրդի հիշողության, Հայաստանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների մասին: Թանկյանը պատմել է, որ մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով, նա Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, ու մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունն իր ազդեցությունն է թողել Թանկյանի կյանքի և երաժշտության վրա: Նա շեշտել է, որ այդ պատմությունները խորը հետք են թողել խմբի չորս անդամների վրա և նրանք հարցն ընկալում են անձնական տիրույթում:

 

 

«Մարդիկ իսկապես շատ հուզված են: System of a Down-ը հավանաբար ամենահայտնի խումբն է, որ կարող է նվագել Հայաստանում, որովհետև այնտեղ ոչ միայն երաժշտության երկրպագուներ կան, այլև խմբի արած քաղաքական աշխատանքի կամ Ցեղասպանության իրազեկվածությունը տարածելուն ուղղված աշխատանքի երկրպագուներ: Այնպես որ մենք այնտեղ մեծ քանակությամբ երկրպագուներ ունենք»,- ասել է Թանկյանը' հավելելով, որ չնայած նրան, որ Էրդողանի կառավարությունը Ցեղասպանությունը ճանաչելու որևէ նպատակ չունի և միլիոնավոր դոլարներ է ծախսում լոբբիստական գործունեությ ան համար՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, այնուամենայնիվ, գալու է այն օրը, երբ, ի վերջո, Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը: