Ամերիկացի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը, ով այս օրերին գտնվում է Իսրայելում, իսրայելական The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քեյնն ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում որևէ այլ երկրի ասել, թե ինչ անի, սակայն հուսով է, որ բոլոր կառավարությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ, ինչպես դերասանն է նշել, «դա պատմական փաստ է»:
«Ես քաջ գիտակցում եմ հարցի հնարավոր բացասական քաղաքական հետևանքները Միացյալ Նահանգներում. մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են ցեղասպանության պատմությունը, շատ պարզ է, որ ցեղասպանություն տեղի է ունեցել: Դա այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի արել… դա սարսափելի էր և պետք է կատարվածը կոչել իր անունով»,- նշել է Քեյնը:
Դին Քեյնը, ով մարտի 5-ին Երևանում ցուցադրված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ Լորա ՄըքՔենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման Իսրայելի նկարահանումներին:
Նա արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Վերջինս հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Քեյնը, ով «Սուպերմեն» ֆիլմի գլխավոր հերոսն է, վարչապետին անվանում «իրական սուպերմեն»: