Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև, որի նախագիծը ներկայացրել էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:
-Պարոն Անանյան, երեկ երեկոյան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում մինչ օրս ներկայացված մյուս բանաձևերից և ինչ դերակատարություն այն կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականության մեջ:
-Բանաձևի ընդունման կապակցությամբ կցանկանայի մի շարք կարևոր հիմնադրույթներ նշել: Առաջին' այն ընդունվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ: Երկորդ' բանաձևը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է ձայների տպավորիչ առավելությամբ: Բանաձևի տեքստային վերլուծությունը ցույց է տալիս, որ այն համապարփակ և համակողմանի անդրադարձեր է պարունակում: Այն ամբողջությամբ ընդունում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իրական շարադրանքը' ճանաչելով 1.5 միլիոն հայերի ոչնչացումը և այդ տարիներին Օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն հայ ազգաբնակչության տեղահանությունը: Բանաձևում պատմական անդրադարձ է արվում 1915 թվականին Անտանտի երկրների կողմից մայիսի 24-ին ընդունված հայտարարությանը, որով պատմության մեջ առաջին անգամ դատապարտվեցին Թուրքիայի գործողությունները' որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն: Անդրադարձ է կատարվում ԱՄՆ պատմության ընթացքում ընդունված բոլոր նմանօրինակ հայտարարություններին և իրավական ակտերին' սկսած 1916 թվականից: Այսինքն' խնդիրը դիտարկվում է պատմական ենթախորքում:
Բանաձևում նշվում և հստակ գնահատականներ են տրվում նաև ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված քայլերին' դատապարտելով նմանօրինակ գործողությունները: Որպես ամփոփում' բանաձևը ներառում է երեք հետաքրքրական կոչ, որոնք շատ ուժեղ և կայուն առաջարկներ են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ուղենիշային լինելու առումով: Մասնավորապես առաջարկվում է, որ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ճանաչող բանաձևի ընդունման դեպքում, այն ԱՄՆ արտաքին քաղաքականություն սակարկման առարկա չպետք է դառնա:
Այսպիսով, գոնե Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով սահմանվում է, որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ընդունված և հաստատված պատմական իրողություն է: Ակնարկ է արվում մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը միջազգայնորեն ճանաչելու, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի կողմից ցեղասպանական քաղաքականության շարունակություն հանդիսացող ժխտումը երկրի քաղաքական վարքագծից դուրս բերելու անհրաժեշտության մասին' այդ հարցում դեր վերապահելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը:
-Ինպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը բանաձի ընդունման կապակցությամբ:
-Պետքարտուղարության արձագանքը շատ հետաքրքրական է: Այն առումով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը միշտ հանդիսացել է այն փորձաքարը, որին բախվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը: Թուրքիան մշտապես իր ճնշումները կիրառել է ԱՄՆ գործադիր իշխանության վրա, և վերջինս միշտ շատ ավելի պահպանողական է եղել:
Ապրիլի 10-ի հայտարարությունը շատ ավելի հուսադրող է: Պետքարտուղարության մամուլի խոսնակը, թեև չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, նշում է, որ ԱՄՆ կառավարությունն ընդունում է պատմական փաստերի շարադրանքը և որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածի գիտակցումը և ճանաչումը շատերի համար հիմնարար մարդկային արժեք է: Նախկինում պետդեպի բոլոր փաստարկները հիմնվում էին այն բանի վրա, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է ազդել հայ- թուրքական գոյություն չունեցող հարաբերությունների վրա: Այս անգամ նման անդրադարձ չկար: Այսինքն' հույս կա, որ հնարավոր է այս անգամ վարչակազմը ձեռնպահ մնա որևէ ճնշում կիրառելուց:
-Ինչպիսի՞ն կլինի թուրքական արձագանքը, արդյոք այս անգամ ևս Թուրքիան չի բանեցնի ճնշումները' ԱՄՆ-ի դիրքորոշման վրա ազդելու համար:
-Այն, որ թուրքական արձագանքը լինելու է, դա միանշանակ է: Բայց թե որքանով Թուրքիան այսօր կկարողանա ԱՄՆ գործադիր իշխանության վրա կիրառել իր ավանդական ճնշումները, որոնք ժամանակին օգնել են նրան առաջ տանել իր ժխտողական քաղաքականությունը, այս պահին մեծ հարցականի տակ է: Ներկա փուլում Թուրքիայի համար մեծ ռեսուրսներ և ջանքեր են պահանջվելու այս ուղղությամբ որևէ գործողություն իրականցնելու համար: Այսօրվա Թուրքիան շատ ավելի ոչ շահեկան վիճակում է, քան որոշ ժամանակ առաջ: Որովհետև այդ երկրի արտաքին քաղաքական թեզիսները, հռչակած արժեքները և իրականացր ած քաղաքականությունն ամբողջովին իրարից տարբերվում են: Այսօր դա ընդունում է նաև թուրքական հասարկությունը: Հայատարարել մի բան և անել լրիվ հակառակը դարձել է Թուրքիայի սովորական գործելաոճը, որը հասկացել են բոլորը: Երեկ երեկոյան ընդունված բանձևի պատճառներից մեկն էլ այն է, որ Թուրքիան հիասթափեցրել է բոլորին:
-Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: ԱՄՆ Կոնգրեսում ներկա պահին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև է ներկայացված: Ի՞նչ եք կարծում մինչ 2015 թվականը որևէ փոփոխություն տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
-Իհարկե, կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ զբաղմունք է: Որքան մոտենանք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, այնքան միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ կմեծանա: Ցեղասպանության հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Այն մարդկության դեմ ուղղված ծանրագույն մեղքերից մեկն է: Եվ որպես այդպիսին Հայոց ցեղասպանությունը իրագործման պահից ի վեր միանշանակ դատապարտման է արժանացել' Անտանտի երկրների կողմից' բացահայտորեն, Օսմանյան կայսրության դաշնակիցների կողմից' իրենց ներքին գրագրություններում, ինչպես նաև այն հանրային շրջանակների կողմից, ովքեր խիզախություն են ունեցել այդ մասին բարձրաձայնել: Դեռևս այն ժամանակ այդ գործողությունները համարվել են ամոթալի և խայտառակ:
Այսօր ԱՄՆ-ը կարծես սկսել է ավելի անկաշկանդ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Դա զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Մեկ այլ հետաքրքիր իրողություն ևս նշեմ. ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով ի պաշտոնե նաև Սենատի նախագահն է, թերևս կարող է իր դիրքորոշումը հայտնել' որպես այն սենատորներից, ով ժամանակին աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մյուս կողմից, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը իրականացնող կառույցի ղեկավարն է Ջոն Քերին, ով նույնպես ժամանակին աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեությամբ:
Այստեղ կարևոր է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգներում ոչ միայն հայ համայնքի, այլև Միացյալ Նահանգների ներքին քաղաքական օրակարգում ամրապնդված խնդիր է, որը երկար ժամանակ է' լուծում է պահանջում: Հայոց ցեղասպանությունը վաղուց դարձել է ներքին փորձաքար ԱՄՆ-ում, որը կառավարությունը պետք է լուծի նախևառաջ Միացյալ Նահանգների քաղաքացիներ հանդիսացող հայերի պատմական հիշողությունը հարգելու և նրանց նախնիների դեմ իրականացված հանցագործությունը դատապարտելու համար:
Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի