Վերջին շրջանում Իրանում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ զգալի ակտիվություն է նկատվում: Մասնավորապես' վերջին երկու տարում էապես ընդլայնվել է այս հարցին նվիրված միջոցառումների թիվը, ինչպես նաև ընդգրկումը: Ասվածի ապացույց կարելի է համարել արդեն երկրորդ տարին Թեհրանում տեղի ունեցող բազամահազարանոց ցույցերը՝ կազմակերպված իրանահայ համայնքի կողմից: Սա իրապես նշանակալի իրադարձություն է, քա նի որ նախկինում նման ցույցերը չէին արտոնվում իրանական իշխանությունների կողմից:
Ի դեպ, հարցին լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հատկապես այս տարվա ցույցը, որ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև, առաջ է բերել թուրքական կողմի լուրջ դժգոհությունը Իրանի իշխանություններից, իսկ Իրանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը փորձել է ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա՝ ձգտելով խափանել իրանահայերի այս նախաձեռնությունը, սակայն ապարդյուն:
Հայոց ցեղասպանության իրողությանը իրանական պետական-քաղաքական և մտավորական լսարանին ծանթացնելու նպատակով Թեհրանի Հայ Դատի հանձնախումբը և «Հուսկ» կազմակերպությունը Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր անցկացրել։ Իրանի պետական օրհերգով մեկնարկած միջոցառման ընթացքում բացման խոսքն ընթերցել է իրավաբան Թալին Բանդարին, ով ներկայացրել է Ցեղասպանության իրողությունը և նշել, որ դրա 100-ամյա տարելիցի շեմին համայն հայությունը ավելի ամրակուռ և վճռականորեն է պահանջում իր արդար իրավունքների իրականացումը:
Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի մեջբերումը, որ նա արել էր ՄԱԿ-ի 68-րդ վեհաժողովում։ Այնուհետև ցուցադրվել է փաստավավերագրական տեսաֆիլմ, որը ոչ միայն պատմում էր Ցեղասպանության մասին, այլև ներկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած հակահայ քաղաքականությունը, որը հանգեցրեց Հրանտ Դինքի սպանությանը, Սումգայիթի կոտորածներին և Քեսաբում հայերի տեղահանությանը: Երեկոյի գեղարվեստական մասում ցուցադրվել է իրանցի երաժիշտ Քուրոշ Թավաքոլիի հեղինակած ցեղասպանությունների երաժշտական նախագծի Armenian Genocide տեսահոլովա կը։