Բրիտանական hեղինակավոր «The Catholic Herald» պարբերականն ապրիլի 22-ին հրապարակել է ՀՀ վարչապետի օգնական Վահան Դիլանյանի հոդվածը՝ նվիրված Սբ. Գրիգոր Նարեկացու ապաշխարության գաղափարներին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
ԼՈՒՐԵՐ.com-ը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում հոդվածի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ:
Դեռևս ցեղասպանության սպառնալիքի ներքո աշխարհում մենք պետք է ականջալուր լինենք հայ սրբի ուղերձին. Սբ. Գրիգոր Նարեկացին՝ Եկեղեցու դոկտորը, կոչ է անում մեզ ճանաչել չարիքը մեր մեջ և աշխարհում:
Այս կիրակի հայերը և ողջ աշխարհի բարի կամքի մարդիկ կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դար առաջ միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ, ներառյալ ասորիներ և հույներ, դաժանաբար խոշտանգվեցին և ոչնչացվեցին՝ համաձայն Օսմանյան Թուրքիայի կառավարության ուղիղ հրամանի և պլանի՝ այդպիսով դատարկելով տարածաշրջանը բնիկ բնակչությունից և մտադրված կերպով կործանելով հազարամյակների քրիստոնեական ժառանգությունը:
Հայերը նահատակվեցին նաև իրենց քրիստոնեական հավատի պատճառով և վերջերս՝ նախորդ տարի, Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության բոլոր զոհերին:
Ողբերգական է, որ ցեղասպանության շղթան շարունակվում է մինչ օրս աշխարհի տարբեր վայրերում: Դրա պատճառներից մեկը անցյալի հանցագործությունների անպատժելիությունն է և միջազգային հանրության դժկամությունը՝ ձեռնարկելու նշանակալից միջոցներ՝ կանգնեցնելու այն: Միայն լիարժեքորեն դառնալով դեպի անցյալի ողբերգությունները և արդարացիորեն ու ազնվորեն պայքարելով դրանց դեմ մարդկությունը կարող է առաջ շարժվել:
Այսօրինակ գաղափարներ են ամրագրված 10-րդ դարի հայ վանական Սուրբ Գրիգոր Նարեկացու աշխատանքում, ում Պապ Ֆրանցիսկոսը հռչակեց Եկեղեցու Դոկտոր քրիստոնեական աստվածաբանությանը և, ընդհանուր առմամբ, համայնքին իր անգնահատելի ներդրման համար:
Սբ. Գրիգոր Նարեկացին հայտնի է իր «Մատյան Ողբերգության» (նաև կոչվում է Աղոթագիրք) աշխատանքով, որն ուրվագծում է խորքային գաղափարներ մարդկության ինքնամաքրման և սրբագործման վերաբերյալ: Գիրքը մենախոսություն է՝ կառուցված որպես աղոթք առ Աստված «ի խորոց սրտի», որում Սբ. Գրիգորը վերագրում է իրեն բոլոր հնարավոր մեղքերը՝ մերկացնելով իրեն և խոստովանելով Աստծուն:
Սուրբն առաջարկում է մարդկային կատարելության ճանապարհ Աստծուն ապաշխարելու միջոցով: Սա հեղափոխական գաղափար էր՝ ցրելով Միջնադարի ժխտողականությունը: Դեռ մինչև Մարտին Լյութերը Սբ. Գրիգորը կողմնակից էր Աստծու հետ անմիջական հաղորդակցությանը: Դարեր հետո այս գաղափարը պետք է դառնար ռեֆորմացիայի հիմքը:
Ուշագրավ է, որ ողջ տեքստում չկա մի որևէ հիշատակում «հայ» կամ «Հայաստան», ինչն ապացուցում է աշխատանքի համամարդկային բնույթը:
Սբ. Գրիգորի գաղափարները վճռական նշանակություն ունեն բռնությամբ և անհանդուրժողականությամբ լի ժամանակակից աշխարհում: Կորցնելով հոգևոր և բարոյական արժեքները քաղաքակրթության զարգացման էյֆորիայում՝ մարդկության աստվածային կերպարը դեգրադացվել է: Սբ. Գրիգորը ուղղորդում է ճանապարհ դեպի փրկություն ապաշխարության միջոցով:
Ապաշխարության գաղափարը առանձնահատուկ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում, քանի որ ցեղասպանության 101-րդ տարելիցը նոր հանգրվան է՝ ցրելու խավարը և պայքարելու 21-րդ դարում Թուրքիայի կողմից հանցագործության ժխտողականության դեմ: Ինչպես Պապ Ֆրանցիսկոսն է ասել, «քողարկել կամ ժխտել չարիքը նման է թույլ տալուն, որ վերքն արնահոսի առանց վիրակապելու այն»:
Հանցագործության ժխտումը կամ անպատժելիությունը հնարավոր է դարձնում դրա կրկնությունը ապագայում, ինչպես ապացուցվել է Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի դեպքերով, ինչպես նաև Մերձավոր Արևելքում եզդիների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ Իսլամական պետության ձեռքերով իրականացվող այժմյան ցեղասպանություններով:
Այս շղթան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ աշխարհը չապաշխարի մինչ օրս չճանաչված մնացած մեղքերի համար: Միայն պատշաճ ճանաչմամբ և ճշմարիտ արդարադատությամբ կարող է խաղաղություն հաստատվել աշխարհում: Սբ. Գրիգորի գաղափարները նույնքան արդիական են այսօր, որքան անցյալ դարերում:
Վահան Դիլանյանը Հայաստանի Հանրապետության Վարչապետի օգնականն է: Նախկինում նա զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքական գիտությունների թեկնածու է: