Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։
Չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:
Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել էր հիմնադրամի և մի քանի ամիս մնացել էր առանց տնօրենի, քանի որ Գևորգ Վարդանյանը, ով նշանակվել էր տնօրեն, ազատվել էր' իր դիմումի համաձայն։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ: