Փարիզի քաղաքապետարանում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշները. ցուցադրությունը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը Փարիզի բնակիչներին և քաղաքի բազմամիլիոնանոց զբոսաշրջիկներին կներկայացնի 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 

«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել Փարիզի քաղաքապետարանին այսպիսի բացառիկ հնարավորության համար: Մեծ պատիվ է թանգարանի համար Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ ներկայանալ Եվրոպայի կենտրոնում՝ առանձին հավաքածուով: Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ թանգարանի հիմնական ցուցանմուշների կեսը կներկայացվի Երևանում, իսկ մյուս մասը՝ Ֆրանսիայում: Ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Հայկ Դեմոյանը:

 

Այս ցուցանմուշների շարքում են նաև Ավրորա Մարդիգանյանի անձնական իրերը, ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:

 

Ցուցադրությունը կբացվի Փարիզի Օթել դե Վիլում (Hôtel de Ville) ապրիլի 29-ին և կգործի մինչև հուլիսի 4-ը: