Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում՝ հոկտեմբերի 10-ին, բացվել է երկու նոր ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակավոր ցուցադրությանը ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, ով և ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում և իր շնորհակալությունը հայտնեց Հայկ Դեմոյանից ցուցադրությանն աջակցելու համար:

Առաջին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» ցուցադրության մեջ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:

Բացառիկ այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին' Ան Սուպան: 1915 թ. սեպտեմբերին Լյուսիեն Բոժեն դարձել էր ոչ միայն փրկարար գործողությունների մասնակից, այլ նաև իր լուսանկարչական խցիկով վավերագրել մարդկության և հումանիտար պատմության մեջ արձանագրված այդ եզակի դրվագը:

Մուսա լեռան վրա ապաստանած և ապրելու կամք դրսևորած հայերին փրկելու առաքելությունն իրականացրած ֆրանսիացի զինվորականների մարդասիրական քայլը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ու հիշողության բացառիկ մի էջ է: Ավելի քան 4000 փրկվածից շատերը վերաբնակվեցին Հայաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր՝ դառնալով պատվախնդիր քաղաքացիներ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակն ու պատգամը:

Երկրորդ՝ «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» ցուցադրությունն, առաջինի տրամաբանական շարունակությունն է և շատ նուրբ թելերով է կապված նախորդի հետ՝ ցեղասպանության վերապրում, փրկում, նոր հանգրվան, նոր հայրենիք:

Ցուցադրության մեջ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ՝ սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր:

Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, ովքեր վերապրելով Հայոց ցեղասպանությունը՝ վերջնականորեն հանգրվանել էին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողել Ֆրանսիայի պատմության մեջ:

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները:

Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները: Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը:

Ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ է և բաց կլինի մեկ ամիս: