Այնթապի հերոսամարտի ընթացքում՝ 1920-ին օգտագործված ատրճանակնեից մեկը Սիրիայից հասել է Հայաստան ու իր տեղը գտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այն թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել ատրճանակի տիրոջ՝ Գրիգոր Բարսեղյանի թոռը՝ սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայացավ նվիրատվության արարողությունը:
«Ատրճանակը եղել է իմ մեծ հորը՝ Գրիգոր Բարսեղյանին: Նա այն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում, հետո, Սիրիա գաղթելիս, տարել է իր հետ: Պապս ու հայրս դրա մասին շատ պատմություններ են պատմել: Այս ատրճանակի տեղը Հայաստանը, հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, քանի որ, մենք հավատում ենք, որ Ցեղասպանությունը վերապրածների հոգիները գտնվում են այս հուշահամալիրում»,- ասաց Ջորջ Բարսեղյանը:
Ատրճանակը 1877-ի արտադրության է: Մինչ տեղափոխումը ատրճանակը գտնվել է Ջորջ Բարսեղյանի տանը՝ Դամասկոսում: Հետո Ջորջ Բարսեղյանն այն հանձնել է Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ այն Հայաստան հասցնելու մտադրությամբ: Տեղափոխման հարցերը լուծվել են մոտ 4 տարվա ընթացքում: Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով ու օգնությամբ են կարողացել արտոնություն ստանալ և այն բերել: Դեսպան Արշակ Փոլադյանը հիշեց՝ այս զենքն իրենց փոխանցել են սիրիական պատերազմի ժամանակ:
«Դժբախտաբար նաև պատերազմական պայմանների պատճառով դժվարություններ առաջացան տեղափոխման համար: Միայն վերջերս սիրիացի պաշտոնյաներին դիմելուց հետո կարողացանք այն փոխադրել Հայաստան»,- ասաց դեսպանն ու իր խորին երախտագիտությունը հայտնեց սիրիական իշխանություններին:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ատրճանակի մասին իմացել է անձամբ Ջորջ Բարսեղյանից՝ մեկ ամիս առաջ: Նախարարությունն էլ կազմակերպել է հանձնման արարողությունը: «Այս ատրճանակը պատմական մեծ նշանակություն ունի: Այս լոկ զենք չէ, խորհրդանշում է ծանր կացության մեջ գտնվող հայի ոգու, կամքի ուժը, միասնականությունը»,-ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հանձնման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: