Բեյրութի Հայկազյան համալսարանում հունվարի 31-ից փետրվարի 1-ը կայացել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ:

 

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ, պաշտոնյաներ, գիտնականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Հրավիրված էին բանախոսներ Հայաստանից, Լիբանանից և Թուրքիայից: Ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

 

Առաջին օրվա բանախոսն էր Լիբանանի համալսարանի գրականության, հումանիտար և սոցիալական գիտությունների դոկտորական դպրոցի պրոֆեսոր Մասուդ Դահերը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, հոգեբանական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի ավագ խորհրդատու Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման խնդրին:

 

Գիտաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակներ դոկտոր Զավեն Մսըրլյանը և դոկտոր Սալեհ Զահրեդդինը:

 

ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունները 1991-2014 թթ.-ին, ելույթով հանդես եկավ նաև լրագրող Թաթուլ Հոկոբյանը:

 

Եզրափակիչ ելույթներում Ստամբուլի Բիլքի համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզն անդրադարձավ 1923-2014 թթ. փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի Հանրապետության որդեգրած կեցվածքին, իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ժամանակակից Թուրքիայում հայերի կարգավիճակին ու իսլամացված հայերի խնդրին: