ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը պատրաստել է հատուկ կայքէջ, որտեղ մեկտեղված են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում աշխարհի տարբեր կողմերում տեղի ունեցող միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստեղծված year100.org կայքը տեղեկատվությունը տրամադրում է երեք լեզվով' հայերեն, անգլերեն և թուրքերեն:
Կայքի ստեղծման մասին հեղինակները գրում են. «Ամբողջ աշխարհից գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, ակտիվիստներ հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Այս կայքէջը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի նախաձեռնությունն է. նպատակն է ներկայացնել աշխարհով մեկ տեղի ունեցող բազմազան միջոցառումները, գիտաժողովներն ու հրապարակումները»: Կայքում տարբեր կազմակերպություններ կամ հիմնարկներ, որոնք նախաձեռնում են իրականացնել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, կարող են հրապարա կել այդ իրադարձությունների մասին տվյալները, որոնք անմիջապես կհայտնվեն year100.org-ում:
Կայքում տեղադրված հայտարարությունները դասակարգված են տարբեր կատեգորիաներով' աշխատաժողովներ, գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ, ընթերցումներ, թատրոններ, կլոր սեղան-քննարկումներ, կոնֆերանսներ, ցույցեր, ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություններ և այլն: Միջոցառումները հնարավոր է գտնել նաև ըստ երկրների, որոնց ցանկը ներկայացված է կայքէջում: