Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արտահերթ նիստը:
‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանն ասաց, որ արտահերթ նիստը բավական երկար է տեւել, քանի որ ներկա են եղել բոլոր կուսակցություններ, և բազմաթիվ պատգամավորներ ցանկացել են ելույթ ունենալ:
Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Սուսաննա Պերեյրան իր ելույթում կարեւորել է Ուրուգվայում հայ ժողովրդի հիշողության պահպանումը: Նա խոսել է հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների բարեկամության մասին՝ շեշտելով, որ տեղի հայ համայնքը մեծագույն ներդրում է ունեցել այդ բարեկամության կայացման գործում: Պերեյրան պատմել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների ժամանակ իր դիտորդական առաքելության մասին:
Մեկ այլ ներկայացուցիչ՝ Խորխե Գուեկչյանը պատմել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ իր մայրը, ով ցեղասպանության ժամանակ ընդամենը 8 տարեկան է եղել, փրկվել է թուրքերից՝ թաքնվելով անապատի քարանձավներից մեկում: Սակայն գաղթի ճանապարհին եղած հազարավոր փոքրիկների դա չի հաջողվել:
Գիլիերմո Ֆասելոն էլ խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կարեւորության մասին՝ հավելելով, որ չպետք է տարանջատում դրվի Հոլոքոստի եւ Հայերի ցեղասպանության միջեւ:
Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Դանիել Ռադիոն էլ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հայտարարությանը, թե որտեղ են Հայոց ցեղասպանության ապացույցները:
‹‹Հայ ժողովուրդը քարոզչության կարիք չունի: Դրա համար կան երկրների խորհրդարաններ, դրա համար կա Ուրուգվայի խորհրդարանը եւ մենք դա անում առանց մեղքի զգացումի, առանց բարդույթների, քանի որ մենք գիտենք, որ մեր արածը բարոյական է եւ գիտենք, որ 50 տարի առաջ այս նույն շենքում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ ընդունածներն էլ բարոյական էին եւ նավթով կեղտոտված չէին››,- ասել է նա: