Կանադայում մեկ ամսվա ընթացքում ավելի քան 13 միջոցառում կանցկացվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Հորիզոն» շաբաթաթերթը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախումբը ներկայացրել է միջոցառումների ցանկը: Մարտի18-21-ը Մոնրեալի, Տորոնտոյի եւ Ուինտզրիի համալսարաններում կկայանան խորհրդաժողովներ: Ապրիլի 2-ին Մոնրեալի Մեծ գրադարանում կկայանա քննարկում «Անի, հազար ու մեկ եկեղեցիների քաղաք, Մոնրեալ' հարյուր զանգակատուն» խորագրով: Մոնրելաի Սուրբ Ժան Բատիստ եկեղեցում ապրիլի 11–ին կկայանա «Պատարագ եւ Ռեքվիեմ-2015» համերգ:
Ինչպես ավստրալահայերը, այնպես էլ կանադահայերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների «Արյուն' հանուն հիշողության» միջոցառում են կազմակերպելու, որի շրջանակում երկու օր շարունակ Կանադայում տարբեր քաղաքների հայերը արյուն կհանձնեն: Տորոնտոյի Թագուհու այգում ապրիլի 19-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության» քայլարշավ, պաշտոնական հանդիսություն եւ էկումենիկ արարողություն: Վանկուվերում կանադահայերը կմասնակցեն «Արևի վազք» բարեգործական վազքարշավին: Ապրիլի 22-ին կկայանա Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբի համերգը «Արարատ, Հայաստանի երաժշտություն» խորագրով:
Մեկ ամսվա ընթացքում Օտտավայում նախատեսվում է անցկացնել երիտասարդական միջոցառուներ, իսկ ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաքում կանցկացվի ոգեկոչման հավաք եւ պահանջատիրական ցույց: Կանադայի խոշոր քաղաքներում մինչեւ մայիսի 3-ը ներառյալ կանցկացվեն «Ընդդեմ ցեղասպանության» խորագրով պահանջատիրական քայլերթեր եւ բողոքի ակցիաներ: