Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ուրուգվայում կկազմակերպվեն քաղաքական, մշակութային եւ հոգեւոր միջոցառումներ, որոնց շրջանակում ոչ միայն կոգեկոչվեն անմեղ նահատակները, այլեւ կդատապարտվի Հայոց ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ուրուգվայի հանձնախմբից տեղեկացրին, որ ապրիլի 15-ին Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում տեղի կունենա արտահերթ նստաշրջան եւ կքննարկվի Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտությունը:
Ապրիլի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաքի «Անկախության» հրապարակում տեղի կունենա ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 24-ին ոգեկոչման արարողություններին եւ պատարագին կհաջորդի դասական համերգը: Նախատեսվում է, որ ապրիլի 25-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն, իսկ ապրիլի 16-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կրկին կկայանա ոգեկոչման արարողություն եւ պատարագ:
Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: