Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձևը, ավարտվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Քննարկման ավարտից առաջ ելույթ ունեցած Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենը նշեց, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը պետք է հստակ կիրառի անհրաժեշտ տերմինը և 1915 թվականին տեղի ունեցածն անվանի Ցեղասպանություն:
Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսն էլ ընդգծեց, որ ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը' Բելգիան կշահի հանրության վստահությունը: «Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաև Թուրքիայի ձախակողմյան' «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը: Կարծում եմ' առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Վան Հեեսը:
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկած բոլոր պատգամավորներն էլ չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը և ներկայացրեցին իրենց կուսակցությունների դիրքորոշումները: