ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիան։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ում «մոռացել են հայկական ահաբեկչության մասին», նա նաև նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են բանաձևի ընդունումը: Բանաձևի ընդունման, Թուրքիայի արձագանքի, հայկական կողմի հետագա անելիքների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ 

Картинки по запросу ռուբեն սաֆրաստյան

«Թուրքիայի նախագահը որևէ նոր բան չի ասել, կրկնել է տասնամյակներ շարունակ ասածը։ Ցեղասպանության մասին ստերի տարածումը և դրա փաստի մերժումը վաղուց դարձել է Թուրքիայի պաշտոնական քաղաքականության մի մասը և Էրդողանը շարունակում է այն։ Նրա արձագանքն առաջին հերթին ուղղված է Թուրքիայի ազգաբնակչության ներքին խնդիրները լուծելուն։ Ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակելու է պատմական իրականության մասին կեղծիքներ տարածելը։ Ես կարծում եմ՝ մեկ անգամ ևս պետք է շատ ուժեղ հարված տանք ստերին, որոնք տարածում է նա»,- նշեց թուրքագետը։

 

Մինչ Էրդողանի խոսքը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել էր բանաձևի ընդունումը՝ այն որակելով «ամոթալի»: Անդրադառնալով ԱԳ նախարարի արձագանքին՝ թուրքագետը նշեց․ «Ամոթալին Թուրքիայի պահվածքն է, գոնե այս առիթն օգտագործի և կարողանա ճշմարտությունն արտաբերել, բայց պաշտոնական Թուրքիան իր մեջ ուժ չի գտնում դա իրականացնելու»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ բանաձևի ընդունմանը ԱՄՆ կոնգրեսի կողմից կարևոր խթան կարող է հանդիսանալ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի արագացնելու հարցում․ «Մեծ հեղինակությունը, որը վայելում է ԱՄՆ-ն, այլ երկրներին կդրդի ներգրավվել այդ գործընթացի մեջ։ Բացի քաղաքական նշանակությունից, այն ունի նաև բարոյական նշանակություն, որովհետև հայտնի է, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս Թուրքիայում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի, ցեղասպանության տարիներին փորձել է հնարավորինս ճշմարտությունը հասցնել աշխարհին ոճրագործության մասին։ Հիշենք նաև, որ ԱՄՆ-ն մեծ օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից փրկված հայերին։ Անբարոյականություն էր, որ մինչև հիմա ԱՄՆ-ն չէր ընդունում քաղաքական պատճառներով, բայց հիմա, երբ ընդունվեց, այս քայլը ճիշտ և բարոյական է»,- նշեց թուրքագետը՝ նկատելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն ամենևին էլ չնչին բան չէ, այն մեծ իրադարձություն էր։