«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան կարևորում է վեհաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձևի ընդունումը:
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Հաուտալան ընդգծեց, որ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումեր նիստի ընթացքում գերազանց աշխատանք է կատարվել, ընդունվել են մի շարք կարևոր բանաձևեր: «Շատ եմ կարևորում այն բանաձևը, որը մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք նիստի աշխատանքները սկսելուց առաջ այցելել ենք նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, իսկ երեկ ընդունեցինք բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Հեյդի Հաուտալան նաև նշեց, որ վեհաժողովի լիագումար նիստում ընդունվել են մի շարք այլ բանաձևեր, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերության երկրների համագործակցության ընդլայնմանը:
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի'Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևին կողմ են քվեարկել 33, դեմ՝ 4 պատգամավոր: