ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հույս ունի, որ Սենատի արտաքին հարբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաև իր առաջարկած «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևի վրա: Այս մասին կոնգրեսականն ասել է Glendale News-Press պարբերականին: «Սենատի գործողություններն ազդում են Ներկայացուցիչների պալատի վրա…միայն ժամանակը ցույց կտա»,- ասել է Շիֆը:

 

Դեռևս անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Մայքլ Գրիմը և Ֆրենկ Փալոնեն համատեղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փաստաթուղթ, որը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել նախկինում ԱՄՆ կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման փաստը: Բանաձևն առաջ է քաշում վիլսոնյան վարչակազմի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին:

 

Իսկ 2014 թվականի ապրիլին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 12-5 ձայներով հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման 410 բանաձևը' ներկայացված հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քըրքի կողմից: Պարբերականը հույս է հայտնել, որ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին այն Սենատի օրակարգ կմտցնի մինչև այս նիստի ավարտը: