Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիա կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ժամանակ բարձրացրել է երկրում խոսքի ազատության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 

Շուլցը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքի, ինչպես նաև գլխավոր ընդդիմադիր Հարապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ:

 

Նշվում է, որ հանդիպումնրի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 15-ին ԵԽ-ում քվեարկության դրվելիք բանաձևին, որը ենթադրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործությունը ճանաչել որպես ցեղասպանություն:

 

Թուրքական Haberler.com լրատվականի փոխանցմամբ' մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը Շուլցի հետ հանդիպմանն անդրադարձել է հայերի հետ հարաբերություններին և ցեղասպանության խնդրին: Նա, մասնավորապես, կրկնել է միտքն այն մասին, թե Առաջին աշխարհամարտի տարիներին «թուրքական աշխարհագրությունում շատ ցավեր են տեղի ունեցել»: Նա նորից ընդգծել է, որ խնդիրը պետք է թողնել պատմաբաններին, «այն խորհրդարանականների գործը չէ»: «Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն չի երևում այն ձեռքը, որը կարող ենք սեղմել»,- նշել է Չիչեքը: