Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 2-ին մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը: Բացման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի, Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը։ Ինչպե ս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.
«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների, ներառյալ՝ քրիստոնեության բնօրրան: Ցավոք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումների մասին տագնապալից լուրերը հաճախակի են դարձել: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը և Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը միայն այսօրվա երևույթ չէ: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս: Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության և աջակցության համար։
Որևէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրայում և Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը:
Ահաբեկչական այս խմբավորումները մեծապես օգտվում են օտարերկրյա գրոհայինների ու ֆինանսական հոսքերից։ Նրանք սպառնում են կրոնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյությանը: Ուստի պայքարը այդ ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում։
Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։ Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարևան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի անվտանգությա ն խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար կատարմանը:
2014թ. մարտի 21-ին Ալ Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցված թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբի վրա, որի հետևանքով տեղի բնակչությունը հարկադրված էր լքել իրենց օջախները: Ծայրահեղական խմբերը պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին' նախարար Նալբանդյանը նշել է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զորը և շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցե լ զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին և պղծեցին սրբավայրը»:
«Մշակութային գլուխգործոցների կործանումը, որը, սովորաբար, հաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց հիշողությունը, կործանելու հազարամյա պատմություն ունեցող հինավուրց մշակույթները և քաղաքակրթությունները: Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների' Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին: Այս բարբարոսության հետ կապված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ICOMOS) հայտարարեց, որ «այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժեքավոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել հաջորդ սերունդներին»:
Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։