Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ ինքը չի կարող ասել, թե ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորյան ուղերձում ինչ եզրույթով կբնորոշի 1915 թվականի իրադարձությունները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Բասն ասել է, որ 1915 թվականին տեղի ունեցած կոտորածների ու ողբերգությունների փաստերի ընդունումն «օգտագակար կլինի ե՛ւ թուրքերի, ե՛ւ հայերի, ինչպես նաեւ նրանց սերունդների համար»:

 

Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին, դեսպանն ասել է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ արտահայտություն կընտրեն ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը այդ իրադարձությունները բնորոշելու համար: Նա նշել է, որ 1915թ. իրադարձությունների հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել:

 

«Մեր քաղաքականությունն այն է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի քաղաքացիների համար օգտակար կլինի 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի կոտորածներն եւ ողբերգություններն ընդունել ճիշտ եւ արդար կերպով», -ասել է նա:

 

Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հետ կապված թուրքական կողմի հրավերին, Բասը նշել է, որ «դեռ վաղ է ասել, թե պաշտոնական ինչպիսի մակարդակով ԱՄՆ-ը կմասնակցի այդ միջոցառմանը»:

 

Նա ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի «ամենակարեւոր գործընկերներից» մեկն է: