Կառավարության այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամսում բավականին լուրջ տեղաշարժեր են արձանագրվել, որոնք միգուցե այսօր տեսանելի չեն, սակայն դրանց արդյունքը հավանաբար առավել տեսանելի կլինեն 1-2 տարի հետո:
«Օրինակ, ընդամենը 2 շաբաթ առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ներքո գործող էներգախնայողության հիմնադրամի հետ ստորագրեցինք համաձայնագիր, որով պետք է 6 մլն դոլարի ներդրում կատարվի ՔԿ հիմնարկներում՝ էներգախնայողություն ապահովելու համար: Արդյունքում՝ քրեակատարողական համակարգի վրա տարեկան ծախսվող գումարներից 1/3 չափով խնայողություն կունենանք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բացի ֆինանսական խնայողությունից, ծրագրով կբարելավվեն նաև դատապարտյալների կենցաղային պայմանները:
Հովհաննես Մանուկյանը, խոսելով Քրեակատարողական հիմնարկների՝ վերջերս նշանակված ղեկավար Արթուր Օսիկյանի գործունեության մասին, նշեց, որ Օսիկյանը փորձառու իրավաբան է, պետական ծառայող. «Երիտասարդ, ավյունով լի, և կարծում եմ, որ մեր ջանքերը և նրա ծառայություններն իրականացնելու ջանքերը համատեղելու արդյունքում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք»: