Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 27-ին գյումրեցի 10 անօթևանի հանձնեց բնակարանի գնման վկայագրեր: Յոթ ընտանիքի վկայագիր հատկացվեց 3 սենյականոց, 2-ին՝ 1 սենյականոց և մեկ ընտանիքի էլ' 2 սենյականոց բնակարանների համար:
Վկայագրերը տրմադրվեցին Գյումրիի անօթևանների խնդրի լուծման «Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագրի առաջին փուլի շրջանակում: Այս փուլի շրջանակներում վկայագիր է տրամադրվում ծրագրի շահառու ճանաչված 214 ընտանիքի:
Անօթևանության ցուցակում հաշվառված, ծրագրի այս փուլի շահառու ճանաչված ընտանքիները, վկայագիր ստանալու համար պետք է ներկայացնեն դիմումներ և փաստաթղթեր: Փաստաթղթերի ճշգրտումից հետո վերջիններիս կտրամադրվեն վկայագրեր:
Ծրագրի այս փուլի առաջին 10 ընտանիքները, որոնք ստացան վկայագրեր, արդեն իսկ ներկայացրել էին համապատա սխան փաստաթղթերը: Ծրագրի առաջին փուլի շահառուները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, այլապես դուրս կմնան ծրագրից:Վկայագիր ստանալուց հետո շահառուն բնակարան պետք է գնի 6-ամսյա ժամկետում:
ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշմամբ, ծրագիրն իրակնացնելու համար, ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլդ 500 հազ. դրամ գումար: Բնակարանների համար սահմանված է 1 քառակուսի մետրի համար՝ 109 հազար 300 դրամ գումար. ըստ որի' մեկ սենյականոց բնակարանի համար կտրամադրվի 4 մլն դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 6 մլն դրամ, երեք սենյականոցի՝ 7 մլն 100 հազար դրամ, և չորս սենյականոց բնակարանի համար կհատկացվի 8 մլն 200 հազար դրամ:
Բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում: Շահառուները վկայագրերով հնարավորություն ունեն ձեռք բերել բնակարանը, եթե տվյալ բնակարանը կհամապատասխանի բնակության համար անհրաժեշտ բոլոր նորմերին: Կեղծ գործարքները բացառելու համար՝ այս ծրագրով նախապես գումարի միայն 60 տոկոսը կհատկացվի, իսկ մնացածը առքուվաճառքն ավարտելուց և ժամանակավոր կացարանը քանդելու մասին տեղեկանքը տրամադրելուց հետո միայն:
Արմենուհի Մխոյան