Գյումրի քաղաքում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով 20 հազար 700 բնակարան քանդվեց կամ դարձավ բնակության համար ոչ պիտանի: Այդ թիվը ողջ մարզում հասավ 22 հազար 700-ի:
2014 թվականին անօթևանության խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվում է «Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրը: Ողջ ծրագրի շրջանակներում, բնակարան գնելու նպատակով, վկայագիր կտրամադրվի 430 շահառուի: Ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է: Այս փուլի շրջանակներում վկայագիր է տրամադրվում ծրագրի շահառու ճանաչված 214 ընտանիքի: Վերջիններս արդեն ծանուցվել են ծրագրին մասնակցելու մասին: Նրանցից 10-ն արդեն ստացել է վկայագիր:
Անօթևանության ցուցակում հաշվառված, ծրագրի այս փուլի շահառու ճանաչված տվյալ ընտանքիները պետք է ներկայացնեն դիմումներ և փաստաթղթեր: Փաստաթղթերի ճշգրտումից հետո վերջիններս մինչև տարեվերջ կստանան վկայագրերը: Այս ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն հստակեցրել է ծրագրի երկրորդ փուլի շահառուների հերթացուցակը:
Անցած տարիների ընթացքում Գյումրիում տարբեր ծրագրերով բարելավվել են 20 հազար 600 ընտանիք բնակարանային պայմաններ. կառուցվել է շուրջ 15 հազար 600 բնակարան, 5 հազար բնակարան ձեռք է բերվել բնակարանի գնման վկայագրի միջոցով: Քաղաքում մինչև 2002 թվականը բնակարանաշինության մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին նախկին խորհրդային հանրապետությունների շինարարական կազմակերպությունների կողմից: Այդ ընթացքում կառուցված բնակարանային ֆոնդը կազմեց շուրջ 5600 բնակարան: Դրանից հետո շինարարական աշխատանքների տեմպերը դանդաղեցին: Աշխատանքերն իրականացվում էին փուլ առ փուլ' «Համաշխարհային բանկ»-ի, ամերիկյան «Կարմիր խաչ»-ի, «Հանթսման»-ի ծրագրերով, գործեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բնակարանների գնման վկայագիր» ծրագիրը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը տեղեկացրեց, որ 2001-2003 թվականներին մեծածավալ բնակարանաշինական աշխատանքեր են իրականացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Միայն Գյումրիում այս ծրագրով կառուցվել է 2550 բնակարան: Եվ վերջին ծրագրով, որը պետական միջոցների հաշվին իրականացրել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը' 2010-2012 թվականներին, շահագործման է հանձնվել 2812 բնակարան: