Սիրիայում ՀՀ դեսպանատունը նոյեմբերի 27-ին «Շամ» հյուրանոցում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարվան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

 

Ներկաներին ողջունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի 23-ամյա ուղուն՝ բարձր գնահատելով երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դեսպան Փոլադյանը նաև ըստ արժանվույն է գնահատել հայ-սիրիական երկկողմ բարեկամական հարարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիայի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին նրան ց ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար:

 

Փոլադյանն իր խոսքի ավարտին խաղաղություն է մաղթել Սիրիային: Նա հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հանձնել է Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների շքանշաններ ու պատվոգրեր:

 

Ընդունելությանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի փոխնախագահ Ֆահմի Հասանը, Խորհրդարանի հարցերով նախարար Հասիբ Շամմասը, Արտաքին գործերի և սփյուռքի նախարարի օգնական Համեդ Հասանը, Տնտեսության և արտաքին առևտրի նախարար Հումամ ալ Ժազաիրին և Բնապահպանության հարցերով հայազգի նախարար Նազիրա Սարգիսը: Բացի այդ միջոցառմանը մասնակցել են նաև հայկական բոլոր կառույցների ղեկավարները, հոգևոր առաջնորդները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասար ակական կազմակերպությունների ղեկավարներ: