ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին' ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից' վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:

 

Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ' Աշոտ Կույումջյանը 2010 թվականից մինչև 2014թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության Երևան քաղաքում գտնվող պահեստից ստացել է «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում' 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 717579 հատ լիցքավորման քարտ:

 

Քննության տվյալների համաձայն' նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 702779 հատ լիցքավորման քարտը:

 

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին Աշոտ Կույումջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Աշոտ Կույումջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը' 2 ամիս ժամկետով:

 

Նախաքննությունը շարունակվում է: