Եվրոպական միության պաշտոնական տեղեկագիրը կհրապարակի Եվրամիության խորհրդի կողմից ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի բարձրաստիճան ներկայացուցիչների և հինգ կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հրամանագիրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական միության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից:
Եվրոպական միության արտգործնախարարները նոյեմբերի 17-ին հանձնարարել են Եվրոպական հանձնաժողովին (ԵՀ) և ԵՄ արտաքին գործերի ծառայությանը ամսվա ավարտին պատրաստել առաջարկություններ ԴԺՀ և ԼԺՀ առաջնորդներին սև ցուցակի մեջ ներառելու հարցով:
«Գնահատելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Խորհուրդը (ԵՄ) կոչ է արել Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը և Եվրոպական հանձնաժողովին անջատողականների ներկայացուցիչներին ցուցակի մեջ ներառելու վերաբերյալ լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման առաջարկություններ ներկայացնել: ԵՄ խորհուրդը շարունակելու է վերահսկել իրավիճակը և գործել դրա համաձայն»,- ասվել է ԵՄ երկրների արտգործնախարարների վերջնական հայտարարության մեջ: