Գյումրեցի ավագ դպրոցականներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այցը կազմակերպվել է «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» խորագրով ծրագրի շրջանակներում:
Դասախոսները գյումրեցի աշակերտներին են ներկայացրել ռազմական ինստիտուտ ընդունվելու կարգը, ֆակուլտետները, ուսման ընթացքը, հետագա ծառայությունը, պատասխանել աշակերտների հարցերին։ Մովսես Սիլիկյանի անվան կրակի ղեկավարման լսարանում էլ մանրակերտի ու ցուցանմուշների միջոցով աշակերտները ծանոթացել են, թե ինչ է հարկավոր ստորաբաժանումը, մարտը ղեկավարելու համար։
Աշակերտները հանդիպել են նաև ռազմական ինստիտուտում սովորող գյումրեցի կուրսանտների և կուրսանտուհիների հետ։ Ընդ որում, այստեղ ուսանող կուրսանտուհիներից երկուսը հենց Գյումրիից են։
Մինչ ռազմական ինստիտուտ այցելելը գյումրեցի պատանիները եղել են «Եռաբլուր» պանթեոնում և իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած հերոսներին։
«Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» ծրագրի կազմակերպիչներից Սիրակ Եղիազարյանը նշել է, որ խնդիր կա Գյումրու դեռահասներին, երիտասարդներին նախապատրաստելու զինվորական ծառայությանը։ Ուստի, իրենց ծրագրի շրջանակներում Գյումրու մի քանի դպրոցներում անցկացվել են հայրենասիրական թեմաներով պարապմունքներ, կազմակերպվել են այցելություններ Գյումրիում տեղակայված զորամասեր, Արցախյան ազատամարտի թանգարան, իրականացվել Արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմերի դիտում-քննարկումներ։
«Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։