Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել:
Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
«Ինչպես և խոստացել եմ եթերում, մինչև հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվն ավելին է, քան 44-ը»,- ասել էր Փաշինյանը:
Նշենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր են պտտվում, որ Փաշինյանը խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը:
Թե ինչու Փաշինյանը որոշեց ստորագրահավաք անցկացնել, արդյոք այս քայլը հարվա՞ծ է Եռյակին, ի՞նչ ներքին քաղաքական զարգացումների սպասենք, Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:
«Դա Եռյակի անդորրը խաթարելու հետ ոչ մի կապ չունի, որովհետև ինչպես ցույց տվեցին Եռյակի ղեկավար գործիչները, նրանց անդորրն ընդհանրապես չի խաթարվել:
Երբ քաղաքական այս կամ այն ուժը, կուսակցությունը սկսում է որևէ գործընթաց, պետք է վստահ լինի, որ այն առնվազն 50 տոկոսից ավել հաջողություն կունենա, որպեսզի գործընթացն սկսելը տրամաբանական լինի:
Իմպիչմենտի գործընթացը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գործընթաց է, անհրաժեշտ է համապատասխան ձայների քանակ Ազգային ժողովում, առաջին փուլում` 66 ձայն, հետո ՍԴ որոշում, հետո նորից Ազգային ժողովում 86 ձայն, որպեսզի այդ գործընթացը հաջողությամբ ավարտվի:
Ոչ իշխանական ուժերն ու ՕԵԿ-ը միասին 66 ձայն չունեն, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի համապատասխան ձայների քանակ, թույլ չտալու համար, որ այդ գործընթացի հաջող ավարտը` հենց սկզբնական փուլում:
Այս գործընթացը հենց սկզբից դատապարտված է պարտության»,- ասաց Բադալյանը:
Վերջինիս խոսքով՝ այն բոլոր ուժերը, որոնք կմիանան այս գործընթացին, պարտության պիտակը կպնելու է նաև նրանց:
«Մի պահ պատկերացնենք, որ Եռյակը և ՕԵԿ-ը միացել են գործընթացին, ապա այդ պարտության պիտակը կպնելու է իրենց:
Ասելու են, տեսեք, այս ուժերը պարտվեցին, էլ չեն խորանալու, թե ինչու պարտվեցին, ինչպես ստորագրությունները չբավարարեցին և այլն, և այլն, ուղղակի ասելու են՝ պարտվեցին:
Եռյակը, որը կարողացավ հոկտեմբերին 40-50 հազարանոց երկու հանրահավաք կազմակերպել և հիմա ցանկանում է իրեն ազդեցիկ ուժ ներկայացնել, նա իրավունք չունի պարտվելու: Պարտվելու դեպքում, նրա հոկտեմբերյան գործընթացը չեղյալ կհամարվի»,- ասաց նա:
Բադալյանի խոսքով՝ այն կարծիքները, թե իմպիչմենտի գործընթացին չմիանալով Եռյակն իր վարկանիշն է գցում, դա այդպես չէ, դա վերացական արտահայտություն է, որովհետև կարևորն այն է, թե վարկանիշն ում մոտ է ընկնում:
«Կընկնի՞ արդյոք Եռյակի վարկանիշն իրենց կողմանկիցների մոտ, այսինքն՝ ՀԱԿ-ի վարկանիշը ՀԱԿ-ի կողմնակիցների, ընտրազանգվածի մոտ, «Ժառանգության» վարկանիշը «Ժառանգության» կողմնակիցների մոտ, ԲՀԿ-ի վարկանիշը ԲՀԿ-ի կողմնակիցների մոտ, կընկնի՞, թե՞ չէ: Կարևորը սա է: Բայց, ոչ, չի ընկնի. ինչո՞ւ, որովհետև այդ երեք ուժերի կողմնակիցների համար, այդ երեք ուժերի ասածներն ավելի նշանակություն ունեն, քան ասենք Նիկոլ Փաշինյանի ասածը, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ ընտրազանգավածի մոտ չունի այն հավասարազօր վարկանիշը, որը ՀԱԿ-ի ընտրողների մոտ ունի ՀԱԿ-ի ղեկավարը, ԲՀԿ-ի մոտ ԲՀԿ ղեկավարը, «Ժառանգության» մոտ «Ժառանգության» ղեկավարը:
Այսինքն՝ նրա ասածը զրոյական արժեք կունենա հասարակության տվյալ խմբի համար, դրանից հետևում է, որ այդ երեք ուժերի վարկանիշն իրենց կողմնակիցների մոտ չի ընկնի, դա պոլիտեխնոլոգիական հասկացություն է: Այդ իսկ պատճառով եթե մի պահ ընդունենք, որ այս գործընթացն սկսված է նրա համար որ Եռյակի վարկանիշն իջեցնեն իրենց կողմնակիցների մոտ, ավելին, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կողմնակիցներին տանեն դեպի Նիկոլ Փաշինյանի կողմը, ապա դա հաջողություն չի ունենա:
Այսինքն՝ քաղաքական այս գործընթացը Եռյակի համար ունենալու է զրո նշանակություն, իշխանության համար նույնպես ունենալու է զրո նշանակություն, որովհետև նրանք լավ գիտեն, որ անհրաժեշտ ձայներ ընդդիմությունը չունի, և միակ տուժող է դուրս գալու Նիկոլ Փաշինյանը, նրան ասելու են՝ դու սկսեցիր մի գործընթաց, որը նախապես բերելու էր պարտության, հիմա չեն ասի, թե ինչու պարտվեցիր, այլ կասեն՝ ուղղակի պարտվեցիր:
Այս գործընթացից ո՛չ տուժելու, ո՛չ շահելու է Եռյակը, ո՛չ տուժելու, ո՛չ շահելու է իշխանությունը, միայն տուժելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Բադալյանը:
Գայանե Համբարձումյան