«Հրապարակ» թերթը գրել է.
Չնայած Հայաստան-Ադրբեջան կեղծ խաղաղության օրակարգը փաստացի փակուղում է հայտնվել, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության շուրջ դիվանագիտական հայտարարությունների պակաս չկա։ Ու չնայած, այսպես կոչված, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովներն անգամ նախապես հայտարարված կանոնակարգը հաստատել չկարողացան, գործընթացի արտաքին շահառուները շարունակում են լավատեսություն տարածել։
Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարություններն այդ շարքից են։ Նախ, գործընթացի քավորը՝ Միացյալ Նահանգները, պետքարտուղարի մակարդակով հայտարարեց, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ հասնելու վերջնական համաձայնության», չնայած Բլինքեն-Ալիեւ-Միրզոյան վաշինգտոնյան հանդիպումն ընդամենը հանդիպում էր՝ հանդիպման համար։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր խոսել հայ-ադրբեջանական հաշտեցման մասին․ «Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։
Իր հերթին Մակրոնը' նույն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, վերահաստատել է Փարիզի աջակցությունը Երեւանի ու Բաքվի երկխոսությանը, ինչպես նշել էր Ֆրանսիայի նախագահը, ուղղված հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրին հասնելուն։ Բոլոր կողմերի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է որեւէ արդյունք՝ թեկուզ թղթի վրա, գրանցելու ուղերձը։ Տարածաշրջանով հետաքրքրված ուժերն ուզում են հնարավորինս շուտ տեսնել դա՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, որոնց մասին առիթ ունեցել ենք խոսելու։
Ալիեւն իր հերթին վերջերս խոսել էր ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլ դրա սկզբունքների շուրջ համաձայնության նախաստորագրման մասին, չնայած Երեւանի պատրաստակամությանը՝ մեկ ամսում պայմանագիր ստորագրել։ Բաքվի նոր ու հերթական նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն է, ինչը, փաստացի, հուլիսի 4-ի ուղերձով Նիկոլ Փաշինյանն ընդունեց ի կատար։
«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետեւ աշխատել տեքստի վրա»,- հուլիսի 1-ին ասել է Իլհամ Ալիեւը։ Ճիշտ է, Ալիեւը խոսում է ինչ-որ սկզբունքների նախաստորագրման մասին, բայց «մի քանի ամսվա ընթացքում» շեշտադրումը, այսինքն' նոյեմբերը, շարունակում է ակտուալ մնալ այն իմաստով, որ ավելի վաղ ադրբեջանական կողմն Ալիեւի խորհրդական Էլչին Ամիրբեկովի շուրթերով հայտարարել էր Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) միջազգային համաժողովի շրջանակներում փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։
Դեռ մայիսի 7-ին՝ իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը համաձայն է մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, սակայն բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքները պետք է արձանագրել խաղաղության պայմանագրում։ Այս հայտարարությունները, իհարկե, պատահական լինել չեն կարող։ Մանավանդ որ COP-29 համաժողովի շրջանակում փաստաթղթի ստորագրման թեզը սկսել են շրջանառել նաեւ մերձիշխանական քարոզիչ-վերլուծաբանները։ Նրանցից, օրինակ, Արեգ Քոչինյանը, հանրային բաց փաստաթղթերի ու հայտարարությունների հիման վրա սեփական վերլուծություններն անելով, չէր բացառել, որ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը կարող է մեկնել Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսին ու հենց Բաքվում էլ նախաստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ «Չեմ բացառում, որ դա լինի հենց COP-ի ընթացքում, պայմանով, որ, իհարկե, Բաքվից վերադառնալուց Հայաստանի վարչապետն իր հետ կբերի նաեւ Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին»,- «Ազատությանն» ասել էր իշխանական քարոզիչը։ Դաշտ նետված այս հայտարարությունը հիմք է տալիս չբացառելու, որ արդեն իսկ հասարակությունից թաքուն կուլիսային բանակցություններ կարող են ընթանալ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի շուրջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP-29-ի անցկացումը կայացել է Հայաստանի իշխանությունների զիջման շնորհիվ։ Հայաստանը հօգուտ Բաքվի հանել էր համաժողովն ընդունելու իր թեկնածությունը։ COP-29-ը գրանդիոզ միջոցառում է լինելու, այդ օրերին աշխարհի 198 երկրից հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ կայցելեն Բաքու, եւ Ալիեւը լավագույնս կօգտագործի այդ հնարավորությունը՝ արցախյան վերջին պատերազմում իր հաղթանակն ամրագրելու եւ Արցախի զավթումը լեգիտիմացնելու համար։ Մի կողմից, Ալիեւը վերջնական փաստաթուղթ չի ստորագրի՝ իր զավթողական ձեռքերը որեւէ պարտավորությամբ չկապելու համար, որպեսզի նորանոր նախապայմաններով ավելին ստանա Հայաստանի թուլամորթ իշխանություններից, մյուս կողմից՝ նախաստորագրելով սկզբունքները, ինչպես ինքն է ասում, թղթով կամրագրի Փաշինյանի իշխանության կողմից սկուտեղի վրա իրեն մատուցված Արցախը՝ «որպես Ադրբեջանի մաս»։ Ալիեւը հասկանում է, որ հարմար պահից պետք է օգտվել․ փոխվում է միջազգային իրավիճակը, փոխվում են տրամադրությունները նաեւ Հայաստանի ներսում։ Փաշինյանի վարկանիշն ամեն օրվա հետ էլ ավելի է ձգտում զրոյի, մի օր նա կարող է նաեւ իշխանություն չլինել։