Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1000 ծնող հնարավորություն է ստացել դեկտեմբերի 5-ին կրկին այցելելու իրենց զավակներին' տեսակցության: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 5-ը ստացված նոր առաջարկների դեպքում այդ ծնողներին ևս ներառել մեկնողների ցանկում: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև Ճանապարհային ոստիկանության և շտապօգնության հետ համատեղ ապահովել ծնողների անվտանգ այցը ԼՂՀ և սահմանամերձ շրջաններ ու վերադարձը Երևան:

 

«Սա թե՛ զինվորի, և թե զինվորի ընտանիքի կողքին լինելու ևս մեկ կարևոր քայլ է, և մեր պարտքն է պարբերաբար ապահովել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական, և առանց որևէ սահմանափակման երևանաբնակ զինծառայողների բոլոր ծնողներն են հնարավորություն ստանալու օգտվել այս նախաձեռնությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: