Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների հերթական խումբը հունիսի 5-ին մեկնեց սահմանամերձ զորամասեր' տեսակցելու իրենց զինվոր որդիներին: Միջոցառումն արդեն երրորդ տարի է' կազմակերվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ: Զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարն ու քաղաքապետը զրուցեցին ծնողների հետ, հետաքրքրվեցին նրանց տրամադրվածությամբ և հուզող հարցերով: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը' ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն հայտնեցին Սեյրան Օհանյանին և Տարոն Մարգարյանին ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հատուկ ուշադրության համար: Պաշտպանության նախարարն ու քաղաքապետն էլ հավաստիացր ին, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու և ավելի մեծ թափ է ստանալու:

 

 

Այս տարվա առաջին այցի շրջանակում ՀՀ սահմանամերձ զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ամբողջ ճանապարհին ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում կլինեն նաև բժիշկներ:

 

 

Հատկանշական է, որ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում, 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողներիի հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր և անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին:

 

 

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը, կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատեց, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների ոգին:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ սկիզբ է դրվել ևս մեկ գեղեցիկ ավանդույթի, ըստ որի, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներն են այցելում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Այս նախաձեռնությունը նույնպես լինելու է շարունակական: Քաղաքապետը նաև նշեց, որ զինվորներին տեսակցելուց բացի, հերթական այցելության շրջանակում հաճելի անակնկալներ են սպասվում: