Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին ի շարս այլ հարցերի անդրադարձ է կատարվել օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիա րք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին:

 

Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:

 

Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին:

 

Ցավալի է, որ Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:

 

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին' Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Ս. Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը' լծվելով իր առաքելության իրականացմանը:

 

«Օրինա'կ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով» (Ա Տիմ. Դ 12):

Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր բարձր գնահատանքն է արտահայտում և զորակցությունը բերում Սրբոց Հակոբյանց միաբանությանը նվիրյալ իր ծառայության համար' հորդորելով նախանձախնդիր նույն ոգով շարունակել պահպանել սուրբ տեղյաց հայոց իրավունքներն ի պայծառություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու»: