88-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ «միացում» կարգախոսով հավաքվեցին այն ժամանակ Թատերական, հետո Ազատություն դարձած հրապարակում, արդեն ակնհայտ էր, որ յուրաքանչյուրս մեր մեջ հաղթահարել ենք սովետական պրոպագանդայի բարդույթը, որ հնարավոր է Ղարաբաղի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ որոշակի բարեփոխումների շնորհիվ:
Նախ, այլևս նախկինի նման չէինք հավատում կենտրոնական իշխանություն կոչվածին, որի բարեփոխումների քաղաքականությունը որևէ աղերս չուներ այն վանդալիզմի հետ, որ այդ օրերին տեղի էր ունենում Ադրբեջանում: Չէինք հավատում նաև Բաքվից հնչող «կեղծ ինտերնացիոնալիզմի» կոչերին:
«Միացում» կարգախոսը բխում էր մեր ազգային ինքնագիտակցությունից, ձգտումներից, պատմական արդարությունը վերականգնելու հրամայականից, բայց նաև հետևանք էր այն բանի, որ մենք տակավին չէինք հավատում Հայաստանի անկախության հեռանկարին ու ակնկալում էինք, որ Մոսկվան կսրբագրի 1921թ-ի իր պատմական սխալը ու Ղարաբաղի խնդրին կտա արդարացի լուծում՝ այն Հայաստանին վերամիավորելով:
Շարժման առաջին փուլը հենց այդ տրամադրություններով էլ ավարտվեց՝ դառնալով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989թ-ի որոշում, որով Արցախը վերամիավորվեց Հայաստանի հետ: Այս որոշումը քաղաքական ակտ էր, համազգային շարժման որոշակի փուլի իրավաքաղաքական հետևանք, բայց նաև՝ աղոտ հույս, որ Կրեմլում կանսան մեր ժողովրդի դարդ ու ցավին, ազգային իղձերին:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, հենց 25 տարի առաջ կայացված պատմական որոշումը վերջնականապես խաթարեց մեր հավատը ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հանդեպ, ու համազգային շարժման ընդերքում սաղմնավորվեց, զարգացավ այն, ինչը կոչվում է պայքար հանուն անկախության: Եթե մինչև 1989թ-ի դեկտեմբերի 1-ն ու այդ օրն ընդունված որոշումով, մենք այնկալում էինք, որ Մոսկվան կլուծի մեր ազգային խնդիրը, ապա վերամիավորման համազգային մեր պահանջի մոսկովյան արաձագանքից հետո հասկացանք, որ Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհն ինքնորոշումն է, Հայաստանի անկախացումը, նաև՝ Ղարաբաղի, որը նույնպես միութենական պետության սուբյեկտ էր՝ թեկուզ ավելի նվազ կարգավիճակով, իրավունքներով ու ձայնով:
«Միացում» կարգախոսը տրանսֆորմացվեց, Հայաստանում անկախության հաստատման գործընթացին զուգահեռ փոխեց իր բովանդակությունը, նշանակությունը՝ պահանջատիրության բաղկացուցիչը փոխարինելով ինքնորոշման գաղափարի պաշտպանության անհրաժեշտությամբ: Սա ոչ միայն ձևի, այլ նաև բովանդակության վերանայում էր, որովհետև անկախացած Հայաստանն այլևս հանդես էր գալիս ոչ թե հարևան պետության հանդեպ թեկուզև արդարացի, պատմականորեն հիմնավորված տարածքային պահանջով, այլ աջակցում էր արցախահայության ինքնորոշման իրավունքը, մարդու իրավունքի գերակայությանը, կոնկրետ տարածքում, իր հայրենիքում ապրող ժողովրդի ազատության ձգտմանը:
Եթե ղարաբաղյան շարժման առաջին փուլում՝ մենք մեր օրակարգը հարմարեցնում էին մոսկովյան իրականությանն, ապա հետագայում փորձեցինք Ղարաբաղի խնդիրը ներկայացնել համաշխարհային զարգացման համատեքստում: Բովանդակային, մարտավարական հնարքն արդարացված էր, որովհետև ղարաբաղյան պատերազմի տարիներին մենք կարողացանք ապահովել միջազգային լոյալությունը, մեր հաղթանակի ընկալումն աշխարհում:
Հայաստանի իշխանությունը՝ դեգրադացիայի հետևանքով, չկարողացավ մինչև վերջ հավատարիմ մնալ կենսունակությունն ապացուցած մարտավարությանը, մասնավոր քաղաքական շահերին տրվելու գայթակղությանը: 1997-ից սկսած ղարաբաղյան էլիտան բերվեց Հայաստան՝ մի կողմից ստվերելով ԼՂՀ անկախության գաղափարը ու որոշակի սեպ խրելով հայության երկու հատվածների միջև, մյուս կողմից՝ ակամա նպաստելով Արցախի մարդկային, կադրային ռեսուրսի փոշիացմանը:
Դա հանգեցրեց նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ձևախեղմանը, որում Ստեփանակերտը կորցրեց սուբեկտայնությունը՝ կարգավորման սուբյեկտից վերածվելով օբյեկտի:
Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունը, մեծ իմաստով, հավատարիմ մնաց Ղարաբաղի ինքնորոշման գաղափարին: Մեր ազգային, բարոյական ընկալման մեջ՝ Ղարաբաղը մեր հայրենիքի մի մասն է, նույնքան Հայաստան է, ինչքան Սյունիքը, Շիրակը, սակայն իրական քաղաքականության տեսանկյունից՝ առանձին Հանրապետություն է՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը ստացած, միջազգային ճանաչմանը ձգտող:
Սուրեն Սուրենյանց