ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ։ «Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում, ոչ միայն իշխանական թևից»,–ասել է նա։ Վարդազարյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել, նշելով, որ անընդունելի է համարում դատարանների շրջափակման ակցիաները:
Այս ողջ պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ Վարդազարյանը ի սկզբանե եղել է ԲԴԽ նախագահի իշխանությունների թեկնածուն: Իշխանական թիմը վիզ էր դրել Վարդազարյանին այս պաշտոնին նստեցնելու համար, հենց նրա միջոցով էլ հրահանգներ էր իջեցնում դատավորներին: Դժվար թե Վարդազարյանը այսօր այնքան դուխ ունենար, որպեսզի նման բացահայտ կերպով հակադրվեր իրեն պաշտոն տված իշխանություններին: Ավելի հավանական է, որ սա հերթական շոուն է:
Փաշինյանին և նրա քաղաքական թիմին հարկավոր է, որպեսզի ԲԴԽ-ն հանրության աչքում երևա իբրև անկախ կառույց, որը կարող է հարկ եղած դեպքում նաև հակադրվել իշխանություններին: ԲԴԽ կազմը սակայն հակառակն է հուշում: Եթե վեթինգը ի վերջո իրականացվի հենց այս կառույցի կողմից, ապա կառույցը պետք է փայլուն ռեպուտացիա ունենա, չդիտարկվի իբրև իշխանությունների, և դա է պատճառը, որ վերևների դաբրոյով ԲԴԽ-ից արդեն իսկ սկսել են հասարակությանը նմանատիպ մեսիջներ ուղարկել: