Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ ակնկալիքներ ունի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից:
««Միլան»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու: Պետք է անթերի գործենք, ինչպես «Նապոլի»-ի և «Բարսելոնա»-ի դեմ խաղերում: Մենք ունենք ուժեղ կողմեր, սակայն ուժեղ ենք նաև որպես թիմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանն ընդգծել է, որ բազմաթիվ եզրափակիչների է մասնակցել, սակայն սա իր առաջին սուպերգավաթային եզրափակիչն է: Նրա խոսքով՝ ինչպես բոլոր խաղերում, այնպես էլ առաջիկա եզրափակիչ խաղում պետք է հանգստություն պահպանել:
«Ինչպես ինձ, այնպես էլ ակումբի համար կարևոր է հաղթել այս խաղում: Փորձելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել և հաղթել»,-ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտեր»-ը հունվարի 18-ին կմրցի «Միլան»-ի հետ: Հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: