Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացին Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական ակտիվություն են հաղորդում. խնդիրը զարգացումները մշտապես քաղաքական, քարոզչական օրակարգում պահելն է։ Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե հարևան թշնամական երկրներն անհամբեր սպասում են' երբ են վերջապես հարաբերությունները կարգավորվելու։

Այո՛, սպասում են, բայց միայն Հայաստանից մնացած ակնկալիքներն առավելագույնս ստանալու։

Հետևաբար, նման մարտավարությամբ, ըստ էության, Բաքուն և Անկարան նպատակ են հետապնդում նաև՝

1. Նախաձեռնողականությունն իրենց ձեռքում պահելով՝ օրակարգ թելադրել, իսկ տեմպային զարգացումներում Հայաստանին մղելով հապշտապ պատասխան քայլերի, որոշակի վրուպումների կամ սխալների հասնել։

2. Նպաստել Հայաստանում և հայ հանրության շրջանում արագ դրական փոփոխությունների շղարշի ներքո թշնամական երկրների և նրանց քաղաքականության հանդեպ վերաբերմունքի փոփոխության։

3. Դեմ առ դեմ «մերձամարտի» ներքաշելով Երևանին՝ հնարավորինս թուլացնել Թուրքիային մրցակից դերակատարների ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանային գործընթացներում։

4. Քարոզչական առաջանցիկ քայլերի միջոցով ազդել հայաստանյան ներքաղաքական օրակարգի վրա՝ նպաստելով իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության աճին։

Վերոնշյալի համատեքստում, կանխատեսելի է նաև հայկական կողմի առավել լայնախոհ և հեռատես մարտավարական քայլերի շրջանակը։

1. Նախ և առաջ՝ հնարավորինս կոտրել զարգացումների պարտադրված տեմպը(նաև կանխատեսվող բանակցային գործընթացում Թուրքիայի ներկայացուցչի հոգեբանական ու դիվանագիտական հատկանիշներն ուսումնասիրելով՝ հայկակական կողմից տրամագծորեն հակառակ հատկանիշներ ունեցող դիվանագետի նշանակմամբ)։

2. Գործել չափազանց զգույշ, անշտապ, Անկարայի հանդեպ առավելագույն կասկածամտությամբ՝ պարտադիր մանևրի տեղ ապահովելով հատկապես Թուրքիային գործընկեր արևմտյան խաղացողներին անհրաժեշտության դեպքում գործընթացում ներգրավելու համար։

3. Առաջանցիկ քայլերով հանրությանը հնարավորինս տեղեկացնել ծավալվող գործընթացների մասին՝ կանխելով թյուրքական քարոզչական մարտավարության նախապատրաստած խութերը»: