Թուրք և ադրբեջանցի զինծառայողներն Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս մասին հունիսի 21-ին հայտարարել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը այն կարծիքը հայտնեց, որ ցանկացած զորավարժություն կարող է վերածվել լուրջ ռազմական գործողությունների։
Վրթանեսյանի խոսքով` Ադրբեջանը Թուրքիայի հետ հայտարարել է միայն այս տարի մոտ քսան զորավարժություն․
«Որքանով տեղյակ եմ՝ 2020թ -ի պատերազմից հետո Հայաստանում որևէ լուրջ, լայնամաշտաբ զորավարժություն` գումարտակի մակարդակի, կորպուսի մակարդակի կամ ամբողջ երկրի մակարդակի՝ ինչպես ժամանակին «Շանթ- 2015» զորավարժությունն էր Հայաստանում, չի անցկացվել, իսկ Արցախում՝ ընդհանրապես չեն անցկացվել»։
Ըստ նրա` մեր թշնամիների ցանկացած զորավարժություն մեր համար վտանգ է ներկայացնում, Հայաստանի պաշտպանությունը շատ խարխլված է.
«Հայաստանի ներկայիս իշխանությունները որդեգրել են այնպիսի մի քաղաքականություն, ըստ որի` մենք չպետք է ուժեղացնենք, զարգացնենք մեր զինված ուժերը։
Փաստացի, մենք դրա հետ գործ ունենք։ Այս պայմաններում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն միշտ էլ կա, որովհետև այն զսպող ուժը, որը նախկինում կար, այժմ չկա և ոչ մի գործում իրական քայլ չի արվում, որպեսզի այդ անվտանգության երաշխիքը` ի դեմս Հայկական զինված ուժերի, վերականգնվի և զարգանա»,-ասաց նա։