Ռուսաստանը դադարեցնելու է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը՝ Բուլղարիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Թուրքիա կատարած այցի ընթացքում:
«Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից: Եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել այդ խողովակաշարը, ապա դա չի իրագործվի: Ռուսաստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել «Հարավային հոսքի» վրա և հետո մնալ Բուլղարիայի սահմանին: Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ապակառուցողական է»,- ասել է նա:
Պուտինը նաև Բուլղարիային առաջարկել է ԵՄ-ից փոխհատուցում պահանջել:
«Թող նրանք Եվրահանձնաժողովից գումար ուզեն՝ չստացած եկամտի փոխարեն, քանի որ Բուլղարիայի բյուջե ուղղակի եկամուտը գազի տարանցումից կկազմեր առնվազն տարեկան 400 մլն եվրո»,- ասել է նա:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը ևս հաստատել է, որ «Հարավային հոսք» նախագիծը դադարեցվել է. «Այն այլևս արդիական չէ: Թեման փակված է»: