Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հուսով է, որ համատեղ ջանքերով լուծում կգտնվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան ուղևորության նախօրեին, որտեղ նա մասնակցելու է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը, Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության հարցերին:

 

«Ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ Ռուսաստանը փորձում է մոնոպոլացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված աշխատանքը, հեռացնել մյուս միջնորդներին: Դա մոլորություն է: Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ղարաբաղյան թեմատիկայի շուրջ եռակողմ գագաթնաժողովներն օրգանապես լրացնում են այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նշեմ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում վերը նշված եռակողմ գագաթնաժողովի եզրափակիչ փուլին»,-ասել է Պուտինը:

 

«Իր հերթին մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վիեննայում Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը հրավիրված էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարարության եվրոպական գործերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Նման մոտեցումը այն բանի օրինակն է, թե ինչպես է կարելի ու հնարավոր աշխատել միջազգային հակամարտությունները կարգավորելիս: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին՝ հասնելու փոխընդունելի լուծման»,-նշել է ռուսական պետության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: