Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Մտքերի փոխանակության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Ամենևին պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ ԵՏՄ-ին Հայաստանի միանալը համարում են հարված մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասաց պատգամավորը և ներկայացրեց, թե ինչ է անկախությունը և ինքնիշխանությունը տվյալ համատեքստում:

 

«Դա բալանս է, հավասարակշռություն աշխարհաքաղաքական տարբեր բևեռների նժարների միջև: Անկախության տարիներին Ռուսաստանի նժարը Հայաստանում անշեղորեն ծանրացել է, ու հիմա ԵՏՄ-ին միանալու պայմանագրով առանց այն էլ ծանր ռուսական նժարի վրա մենք դնում ենք մի հսկայական կշռաքար, ու հենց այդ իմաստով Հայաստանի անկախությունը, այո, դրվում է լրջագույն հարվածի տակ: Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն Ռուսաստանի քաղաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենն արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետև երրորդ հանրապետությունում շատ չեն այն քաղաքական կամ պետական գործիչները, որ իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում գործողություններ ծավալելիս չեն աղերսել, նույնիսկ մուրացել Ռուսաստանի «դաբռոն», եթե դա չեն արել Ռուսաստանում, արել են ուրեմն Ամերիկայում, Եվրոպայում:

 

Անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց, մենք կանգնած ենք այդ անկախությունը մսխելու և մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ քաղաքական էլիտա ունենալու փաստի առաջ: Երրորդ հանրապետությունում հաստատված իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղաքացին ատի սեփական անկախությունը, պետությունն ու քաղաքացիությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Պատգամավորը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին՝ ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Ռուսաստանը, այլ որովհետև հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային:

 

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում