Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս ելույթում ռուսաց լեզվով ներկայացրեց ռուս մտավորականներից մեկի մտահոգությունները ռուսական իրականության մասին: Փոստանջյանի ելույթը փորձեցին ընդհատել ՀՀԿ-ական պատգամավորները, թե ինչու է Զարուհի Փոստանջյանը ռուսերեն ելույթ ունենում:
Գալուստ Սահակյանը հորդորեց չխանգարել, իսկ Փոստանջյանին ասաց, որ լեզվի մասին օրենք է խախտում, ուստի եթե պետք է ռուսերեն ելույթ ունենար, նախորդ օրը պետք է զգուշացներ, որ թարգմանիչ հրավիրեին:
Փոստանջյանը հակադարձեց. «Ի՞նչ է, Դուք ռուսերեն չե՞ք հասկանում, մի՛ բղավեք, դուք որ այդպես շարունակեցիք, այս ամբիոնից ստիպված եք լինելու ռուսերեն խոսել: Հենց այնպես ռուսերեն չեմ խոսում ու ցիտում»:
Փոստանջյանն իր ելույթում անդրադարձավ նաև Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը և ասաց. «Այս ամբիոնից հնչեց մի վտանգավոր հայտարարություն, թե Արցախը Հայաստան չէ: Դա շատ վտանգավոր հայտարարություն էր: Այդ հայտարարությամբ սեպ եք խրում մեր մեջ:
ԵՏՄ-ին միանալով՝ մենք անտեսել եք Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա:
Փոստանջյանը կոչ արեց պատգամավորներին, որ եթե չեն կարող իրենց կամքով քվեարկել, գոնե չմասնակցեն քվեարկությանը. «Հիվանդացեք, մնացեք տանը, մի՛ եկեք քվեարկության: Ես եկել եմ կոչ անելու, հատկապես գործարարներին»:
Տեսանյութը` 1in.am-ի