Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:

Հիմնական զեկուցող ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը նշեց, որ տարեկան ծրագիրն այս անգամ բաղկացած է 18 թեմայից:

 

«Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը բաղկացած է լինելու 18 թեմայից, և այնտեղ ընդգրկված են ինչպես հին շարունակական մոնիթորինգի տակ գտնվող ծրագրեր, այնպես էլ նոր ծրագրեր, որոնք երբևիցե չեն վերահսկվել:

 

Արդեն նշեցի, որ նախատեսվում է անդրադարձ նաև նախկինում կատարված վերահսկողության թեմաներին, այն է՝ նախկին վերահսկողության ընթացքում բարձրացված խնդիրների և վերհանված ռիսկերի վերլուծությունները շարունակվելու են, և ուսումնասիրություններն ավարտին են հասցվելու: 2015 թվականին ՎՊ-ի ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում օտարերկրա պետությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերը ինչպես դրամաշնորհային, այնպես էլ՝ վարկային, և ասեմ, որ դրանք 18-ից 13-ն են կազմում:

 

Այս անգամ ՎՊ-ն ծրագիրը ձևավորելիս որդեգրել է հետևյալ մոտեցումը, յուրաքանչյուր թեմա բաղկացած է լինելու առանձին ծրագրերից, այսինքն՝ յուրաքանչյուր մարմնի հիմնարկի կողմից իրականացվող առանձին ծրագրերն են ուսւոմնասիրվելու», - ասաց նա:

 

ՎՊ խորհրդի անդամի խոսքով՝ 2015 թվականի 18 ծրագրերի թեմաների ընդգրկումը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակվելու են ՎՊ-ի աշխատակազմի վերապատրաստման աշխատանքների շարունակությունը: «Այսինքն՝ մեր դոնոր կազմակերպությունների և գործընկերների աջակցությամբ շարունակում ենք Ինտոսայի ստանդարտներին համապատասխան մեր աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացումը», - ասաց Լիլիթ Գևորգյանը:

 

Հիմնական զեկուցողին պատգամավորներն ուղղեցին մի շարք հարցեր: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել գործունեության տարեկան ծրագրին: