Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո քննիչն առերես հարցաքննության արձանագրությունը ներկայացրել է ստորագրման։

 

Վկաներից մեկը՝ Սուսաննա Դավթյանը, առանց որևէ պատճառաբանության, հրաժարվել է այն ստոր ագրելուց, դրսևորելով ոչ հավասարակշռված վարքագիծ՝ գոռգոռացել է, պատռել առերես հարցաքննության արձանագրությունը և դուրս եկել աշխատասենյակից:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դ ատավճռով: